«ՀԱՅՈՑ ԱՐԱՐՄԱՆ ՀԱՎԱՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

705

«Հայոց Արարման Հավաք» կուսակցությունն իր լրջագույն մտահոգությունն է հայտնում ողջ աշխարհում և մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման և վերջինիս հետ կապված անվտանգային առողջապահական, տնտեսական և այլ առկա ու սպասվելիք մարտահրավերների առընչությամբ:

Երկար ժամանակ է, ինչ «ՀԱՅ» կուսակցությունը հանդես է եկել «Կոնսոլիդացիա+1» ձևաչափով ազգային համախմբման նախաձեռնությամբ, որը, ցավոք, չարժանացավ պատշաճ ուշադրության ո՛չ իշխանության, ոչ էլ որոշ ընդդիմադիր ուժերի կողմից: Առկա և սպասվելիք մարտահրավերներին դիմակայումը պահանջում է լրջագույն համակողմանի և համապարփակ ուսումնասիրությունների անցկացում, ազգային ողջ պրոֆեսիոնալ, մարդկային և այլ ռեսուրսների կենտրոնացում: Նման պայմաններում հասարակության և պետության ցանկացած ռեսուրսի փոշիացումը կամ ոչ արդյունավետ օգտագործումը, հասարակության և պետության միասնականությանն ուղղված ցանկացած ոտնձգություն կարելի է և պետք է դիտարկել ժողովրդի և պետության դեմ թշնամանքի դրսևորում:

«Հայոց Արարման Հավաք» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և իշխանություններին առկա մարտահրավերներին դիմակայելու գործում սերտ համագործակցել քաղաքական և հասարակական անխտիր բոլոր ուժերի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ՝ ներգրավելով այս գործընթացում բոլոր ոլորտների գիտակներին և պրոֆեսիոնալներին՝ անկախ վերջիններիս քաղաքական պատկանելությունից:

«ՀԱՅ» կուսակցությունը միևնույն ժամանակ դիմում է ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերին և կոչ անում. երկրի համար այս դժվար պահին մի կողմ թողնել քաղաքական և այլ շահերն ու ամբիցիաները, և հավաքվելով երկրի իշխանությունների շուրջ, անշահախնդիր տրամադրել սեփական ինտելեկտուալ և այլ ռեսուրսները, առկա և սպասվելիք մարտահրավերները դիմավորել միասնական ճակատով:

«Հայոց Արարման Հավաք» կուսակցությունը համոզված է, որ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության հասարակությանը հաջողվելու է դուրս գալ այս փորձությունից՝ դառնալով ավելի միասնական, ավելի ուժեղ և ավելի փորձառու:

Այս «պատերազմ»-ից, վստահաբար,  մենք նույնպես հաղթանակած ենք դուրս գալու, այնուհետ միասնական, համատեղ ուժերով անցնելու ենք մեր երկրի արարման և զարգացման սրբազան գործին:

ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ ԲՈԼՈՐԻՍ