25 Մայիսի, 2018
Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերեց Նոր Խարբերդի բնակիչ, 29-ամյա Ա․Հ․-ի դին։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով։

Ani Product
Ani Product

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռք բերած օպերատիվ տեղեկություններով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արագածոտնի և Արարատի մարզային վարչությունների, ոստիկանության Աշտարակի և Մասիսի բաժինների աշխատակիցների հետ, պարզվեց, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ա․Հ-ն հանդիպել է ընկերների՝ գյումրեցի, 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։

Մայիսի 24-ին Շուխյանն ու Մելքոնյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։

Պարզվել է, որ ընկերները, մայրաքաղաքի «Տեցի կռուգ» կոչվող հատվածում Մելքոնյանի վարած «Օպել» մակնիշի մեքենայում օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոց։

Ա․Հ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, անկանոն շարժումներ է արել, գլուխը խփելով մեքենայի սրահի տարբեր հատվածների՝ մահացել է։

Ռուբեն Շուխյանն ու Վարազդատ Մելքոնյանը անակնկալի են եկել, դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել։

Քննությունը շարունակվում է։

Լրահոս