Հարգանքս էն մարդուն,ով փողով «Չի ծախվել»․Հրայր Գալստյան

655

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ևս սեպտեմբերի 29-ին սպասվում է ՏԻՄ ընտրություններ: Այստեղ պայքարի են դուրս եկել գործող գյուղապետ՝ Հրայր Գալստյանը  և  Վաչագան ․Ավետիսյանը: Համայնքում տիրում է լարված մթնոլորտ, քանի որ պայքարում են ոչ թե համագյուղացիները, այլ՝ ազգականները, ովքեր վաղեմի մտերմություն ունեին:

Հրայր Գալստյան Արմավիրի մարզի նոր Կեսարիա  համայնքի ղեկավար թեկնածու։

 – Պարոն Գալստյան համայնքում տիրում է լարվածություն ինչո՞վ է պայմանավորված:

-Իհարկե ոչ, մենք լուռ պայքարում ենք առանց մեկս մյուսին խոչընդոտելու: Մրցակցիս հետ նորմալ հարաբերություններ են, լարվածությունը բացակայում է:Իմ կողմից երբեք չի լինի այնպիսի քայլ, որն ընտրապայքարը կտանի անձնական դաշտ, թշնամանալու միտում չունեմ,վերջիվերջո, սա ընտրություն է, այլ ոչ թե՝ ճակատամարտ: Բարձր կպահեմ գյուղի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Գյուղապետ ընտրվելը ինձ համար ինքննպատակ չէ ,ես ընտրվել եմ իսկապես աշխատելու համար ,և այս տարիների իմ նվիրական աշխատանքի շնորհիվ երկրորդ  անգամ վերընտրվեցի։Գյուղապետարանում ավագանու անդամ եմ եղել ,և 2011թ -ի նոյեմբերի 26 -ին կայացած համայնքի ընտրություններին՝ մրցակցելով գործող գյուղապետի հետ,ձայների մեծամասնությամբ ընտրվեցի Նոր Կեսարիա համայնքի ղեկավար։

Ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացրել համայնքում:Շուրջ ութ տարի է համայնքի ղեկավարն եք։

-Հավատացեք ամբողջը թվարկել հնարավոր չէ,միայն կարող եմ ասել չկա միջոցառում համապետական,որ մենք ավանդույթով չնշենք։ Բոլոր միջոցառումները համախմբված տոնում ենք ,և դա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է՝ վայելել համագյուղացիներիս սերն ու հարգանքը։Իսկ կատարած  աշխատանքների մասով կարող եմ ասել ,որ ընտրվելով համայնքի ղեկավար Նոր Կեսարիա գյուղը նոր շունչ է առել և նպատակադրված արել եմ այն ամենը ,ինչ հնարավոր էր բյուջեի միջոցներով իրականացնել։

-Կներկայացնեի՞ք 2011-2019թթ.  համայնքի բյուջեի միջոցներով կատարած աշխատանքներից: 

Կատարած աշխատանքներն են՝

1․Համայնքի ջրագծի լրիվ կառուցում

2․Խորքային հորի լրիվ վերազինում

3․Մշակույթի տան մասնակի վերանորոգում

4․Գերեզմանատան ջրագծի անցկացում

․5․Նախակրթարանի բացում ՝ 4 և 5 տարեկան երեխաների համար

6․Դպրոցին գույք է նվիրվել՝ սեղան, աթոռներ

7․Փողոցային  լուսավորություն

Ամենամեծ ձեռքբերումը ,որը օրեր առաջ էր՝ Սեպտեմբերի 1 -ին  նախակրթարանի բացումն էր,ինչպես նաև ունեցանք 4 տարեկան երեխաների խումբ, այնուհետև գիտության և կրթության օրվա կապակցությամբ՝ շնորհավորեցի աշակերտներին և մանկավարժներին։ Նվերներ հանձնեցի առաջին դասարանի աշակերտներին և գերազանց սովորող աշակերտներին։ Այս աշխատանքներին զուգահեռ կատարում ենք աղբահանության աշխատանքներ: Ուշադրության կենտրոնում են միայնակ թոշակառուները, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքները, Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանները:Գյուղում ունենք լավ ավանդույթ՝ Սուրբ Աստվածածնի վերափոխմանը նվիրված պատարագ և մատաղի հյուրասիրություն։ Նոր Կեսարիայում Ամանորը  տարբերվում է մյուս համայնքներից՝ միջոցառումների կազմակերպում ,սկսած փոքրիներին ամանորյա նվերներից և անակնկալներից ․․։․ – Այս ընտրություններում ի՞նչ եք խոստանում համագյուղացիներին:

-Ես աշխատող համայնքի ղեկավար եմ ,ես խոստումներ չեմ տալիս ,գիտեմ ինչ եմ անելու և անում եմ: Յուրաքանչյուր աշխատանք տալիս է իր արդյունքը: Ամեն մարդ ունի իր աշխատանքի ոճը, ձևը, իմ մոտ աշխատանքը սկսվում է վաղ առավոտից մինչև ուշ երեկո:Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, չեմ սիրում իմ աթոռը,այլ սիրում եմ կատարել իմ պարտականությունները։

Կատարած աշխատանքները բնականաբար բավարար չեն: Այսօր էլ կան դեռևս շատ չլուծված խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է տքնաջան, հետևողական աշխատանք և անմնացորդ նվիրում:Վստահ եմ, որ դրանք կարող ենք իրականացնել սերտ համագործակցելով, փոխադարձ վստահությամբ և համատեղ ուժերով, շարունակելով արդեն ձևավորված բարի ավանդույթները։

Ծրագրերի իրականացում՝

1․Դպրոցում տաք սննդի ծրագրի իրականացում

2․Համայնքի փողոցների բարեկարգում

․3․Մշակույթի տան դահլիճի վերանորոգում և վերազինում ՝ նոր գույքով

․4․Մանկապարտեզի բացում

5․Ուշադրության կենտրոնում կլինի ոռոգման ջրի վերահսկողությունը

– Եվ վերջում՝ կարգախոս ընտրել եք քարոզարշավի համար,

 Ձեր կոչը համագյուղացիներին:

 Այո, «Ես իմ ժողովրդի հետ եմ», և ամեն ինչ արել եմ, անելու եմ և կանեմ մեր բնակչության համար: Կոչ եմ անում մասնակցել ընտրություններին և ձայն տալ արժանավոր թեկնածուին, ում որ կնախընտրեն: «Թող իրենք իրենց արժանի մարդու ընտրեն»,ամենակարևորը ,որ ցանկանում եմ մեկ բառով միտքս ամբողջացնել այն է ՝Հարգանքս էն մարդուն,ով փողով «Չի ծախվել»,կարծում եմ ամեն ինչ ասված է ․․․:

Վստահ եմ ընտրություններն էլ կանցնեն հաշտ, խաղաղ պայմաններում: Այսօր կարելի է ասել, որ արդար ընտրություններ անցկացվում են համայնքներում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են և որևէ մեկը չի կարող մասնակցել կրկնակի քվեարկությանը:

Mnews.am