Հարուստների երեխաները աբեղա կդառնան․Shame.am

4

goodwinbe

Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես հանելով այդ գործընթացներում առկա բազմաթիվ խութեր ու սողանցքներ: Ճիշտ է, տարկետման իրավունքի վերացման պահանջ ներկայացնելով` օրինագծի հեղինակները վստահեցնում են, որ այսուհետ ոչ ոք չի կարող խոսափել պարտադիր զինվորական ծառայությունից, բայց դրա հետ մեկտեղ մոռացության են տալիս այն փաստը, որ, օրինակ, կառավարման որոշման համաձայն Գևորգյան ճեմարանի ու Վազգենյան դպրանոցի սաները չեն ծառայում բանակում:
Ի դեպ, պատգամավորներից մեկն այնուամենայնիվ հիշեց այս հանգամանքը և նույնիսկ հավելեց, որ այս պահին ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետում կան տասնյակ թափուր տեղեր, եկեղեցաբանության բաժին ընդամենը 4 հոգի է ընդունվել, մինչդեռ Գևորգյան ճեմարան դիմողների թիվը շատ մեծ է: Նույնիսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հավաստիացումը, թե ինքը խնդրի շուրջ բանակցում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, առանձնապես հույսեր չներշնչեցին: Հազիվ թե կաթողիկոսը համաձայնություն տա, որ հոգևորականները սահման մեկնեն: Իսկ դա արդեն ճեմարաններին օժտում է նոր հմայքով ու արտոնությամբ:
Պետք է ենթադրել, որ հեռու չէ այն օրը, երբ եկեղեցու կրթական հաստատությունները կդառնան բանակից ճողոպրելու ամենահարմար ու թանկարժեք ապաստարանները: Մեր մեծահարուստների սիրասուն զավակները հանկարծ միանգամից մեծ հետաքրքրություն կդրսևորեն հոգևոր կյանքի նկատմամբ և տասնյակներով կգնան ձեռնադրվելու: Ճիշտ է, դրանից հավատի հետևորդների թիվը չի մեծանա, բայց որքան նյութապես ապահովված կդառնան ճեմարաններն ու դպրանոցները` իրենց տեսուչների և վերակացուների հետ մեկտեղ:

Աղբյուրը՝ Shame.am