mnews

24 Նոյեմբերի, 2017

«Հայկական ժամանկ» թերթը գրում է.

Ani Product

«Բարև Ձեզ»։ «Բարև Ձեզ»։ «Կներեք, կարող ա՞ իմանաք, ի վերջո ստորագրում ե՞ն էդ անտերը, թե չեն ստորագրում։ Էլ չենք դիմանում այս անորոշությանը»։ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրվել-չստորագրվելու մասին խոսակցությունները երեկ երեկոյան հասել էին նույնիսկ Երևանի ամենաչքաղաքականացված անկյունները, որտեղի ժողովուրդը հետաձգել էր առօրյա քննարկումը հնդկական սերիալների մասին և ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվում Բրյուսելում, որտեղ այսօր տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է վերը նշված փաստաթղթի ստորագրումը։ Սերժ Սարգսյանը երեկ արդեն մեկնել էր Բրյուսել, բայց նույնիսկ բուքմեյքերական գրասենյակները ստորագրել-չստորագրելու խաղադրույքներ չէին ընդունում, որովհետև հատկապես վերջին այս օրերին իրավիճակը ահագին խճճվել է։

Ani Product

Հայաստանում և Ռուսաստանում սկսել են կանխատեսումներ հնչել, թե փաստաթուղթը չի ստորագրվի։ Թերևս այս իրավիճակից դրդված՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ առավոտյան հարցազրույց տվեց և հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խնդրո առարկա փաստաթուղթը, բայց նույն հարցազրույցի մեջ փաստաթուղթը չստորագրելու երեք հնարավոր պատճառ բարձրաձայնեց։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Պատճառ 1. ԵՄ ներկայացուցիչը փաստաթուղթը կարող է ստորագրել միայն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը ստանալուց հետո։ Երեկվա դրությամբ ԵՄ ոչ բոլոր երկրներն են նման համաձայնություն տվել։ Ընդ որում, սա կարող է տեղի ունեցած լինել ոչ դիտավորյալ, որովհետև ԵՄ մի շարք երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Ավստրիան, ետընտրական իրավիճակ է, կառավարությունները կամ ընդհանրապես, կամ լիարժեք չեն ձևավորվել և նաև այս պատճառով չեն հասցրել իրենց համաձայնությունը տալ, և Եվրահանձնաժողովը ջանքեր է գործադրում՝ այդ և էլի մի քանի երկրների համաձայնությունը մինչև այսօր երեկո ստանալու համար։

Մեր կողմից ավելացնենք, որ այս պատճառի համատեքստում խոսվում էր նաև, որ մի շարք երկրներում չեն հասցրել թարգմանել համաձայնագրի տեքստը, և ուրեմն, հնարավոր է՝ ԵՄ որոշ անդամներ նույնիսկ ծանոթ չեն տեքստի բովանդակությանը։ Ոմանք նույնիսկ այս «թարգմանական ճգնաժամի» մեջ տեսնում են Ադրբեջանի, ոմանք՝ Ռուսաստանի մատը։

Պատճառ 2. Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստում տարածաշրջանային կոնֆլիկտների, տվյալ դեպքում՝ Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների և ձևաչափերի վերաբերյալ այնպիսի փոփոխությունների կատարվեն (բնականաբար՝ եվրոպացի պաշտոնյաների և ԵՄ երկրների ձեռքով), որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար և ՀՀ-ի կողմից փաստաթուղթը չստորագրելու պատճառ դառնալ։

Պատճառ 3. Արևելյան գործընկերության գագաթաժողովը պետք է ընդունի եզրափակիչ հռչակագիր, որի տեքստը մշակման փուլում է և որտեղ նույնպես կարող են խնդիրներ ծագել այս անգամ ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵՄ պատճառով, որովհետև Կատալոնիայի իրադարձություններից ազդված՝ ԵՄ-ն փորձում է սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության մասին այնպիսի ձևակերպումներ մտցնել, որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար և պատճառ դառնալ, որ Հայաստանը չստորագրի ոչ միայն այդ հռչակագիրը, այլև ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Հռչակագրի տեքստը մշակման փուլում է, և այս հարցում հստակություն կմտնի այսօր։

Ահա այս մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ոչինչ էլ պարզ չէ ստորագրել-չստորագրելու հարցի շուրջ։ Փաստաթղթի ստորագրումը կարող է հետաձգվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական, գուցե և՝ քաղաքատեխնիկական պատճառներով։ Եվ հասկանալի է, թե ինչու են վերջին օրերին ավելի ինտենսիվացել հարցադրումները. ի վերջո ստորագրվու՞մ է, թե ոչ։ Խնդիրն այն է, որ հիմա Երկիր մոլորակի վրա իսկապես չկա որևէ մեկը, որ հստակ իմանա այս հարցի պատասխանը, որովհետև ամեն ինչ կախված է բազմաթիվ հրապարակված և չհրապարակված հանգամանքներից, տրամադրություններից, գործոններից։

Ամեն դեպքում փաստաթղթի ստորագրումն ակնհայտորեն բխում է Հայաստանի շահերից, որովհետև դա լրջագույն հակակշիռ է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող հայ-ռուսական անհամաչափ հարաբերություններին։ Բայց եթե ստացվի այնպես, որ փաստաթուղթը չստորագրվի, դա թերևս կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության վերջնական վարկաբեկումը միջազգային ասպարեզում։ Բոլորս ենք հիշում, որ 2013 թվականին, նախատեսված ժամկետից ընդամենը երկուսուկես ամիս առաջ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևւտրի համաձայնագրերը ստորագրելուց և հայտարարեց ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու մասին։ Եթե այս անգամ նույնպես նման բան պատահի, Հայաստանն այլևս ոչ թե ԵՏՄ անդամ դառնալու, այլ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու իր մտադրության մասին պիտի հայտարարի։ Եվ Սերժ Սարգսյանն իրագործված կտեսնի ռայկոմի քարտուղար դառնալու իր մանկական երազանքը։

Իհարկե, պետք չէ բացառել, որ Աշոտյանի ասած գործոննեը ոչ թե պատճառաբանություն են, այլ իրականում գոյություն ունեն։ Որովհետև ոչ ոք չի ուզում, որ ի հաշիվ Ղարաբաղի որևէ փաստաթուղթ ստորագրվի։ Ու եթե փաստաթուղթը ստորագրվի, ամեն ինչ պարզ կլինի, եթե ոչ ՀՀ իշխանության ամենալավ արդարացումը Ղարաբաղն է։ Նրանք այս գործոնը կօգտագործեն, անկախ նրանից իրո՞ք Ղարաբաղը վտանգող ձևակերպումների պատճառով չեն ստորագրել, թե մեր իմացած։

Հ.Գ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրյուսելում կատարվելիք իրադարձությունը` Հայաստան-ԵՄ խորացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ եւ անում ենք դա փոխշահավետ պայմաններում: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր իր ներքին ու արտաքին քաղաքական հետաքրքրություններն ու առաջադրանքներն ունի եւ հարգանքով ենք վերաբերվում այդ ամենին»,-ասել է Զախարովան:

Ներկայացուցչի խոսքերով, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում արտաքին քաղաքական միջոցառումների շրջանակը, որոնք համապատասխանում են իր երկրի պահանջներին ու հետաքրքրություններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս