Հին կինոյի նոր սերիան է սկսվում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները համատեղ դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը… հայտնում ենք, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։

Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով:

Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը..

Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ»։

ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի իրավունքն է՝ դիմել Սահմանադրական դատարան: Բայց մեզ մի քանի հարց է հետաքրքրում:

Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» որոշեց հիմա դիմել ՍԴ: Մարուքյանն ինքն է ասում, որ հարցի վերաբերյալ դեռ հունիսի 22-ին է հայտարարություն արել: Այսինքն, ինչո՞ւ էին 2 ամիս սպասում, նոր դիմում ՍԴ: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Ինչո՞ւ այն ժամանակ չդիմեցին:

Մյուս հարցը, բնականաբար, ավելի խուճուճ խնդրի մասին է. իսկ ո՞վ է քննարկելու ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների համատեղ դիմումը: Այստեղ մեր առջև ֆանտասմագորիկ տեսարաններ են բացվում: Օրինակ՝ ՍԴ նախկին դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել էին, պիտի վերադառնան, որ քննարկեն այս դիմումը: Ու սկսվում է կիլդիմը. այդ դատավորները՝ Ալվինա Գյուլումյանի գլխավորությամբ, փորձում են ՍԴ շենք մտնել, նրանց դուրս են հանում, պատուհանից են մտնում, էլի դուրս են հանում, վեճ, քաշքշոց, հարայ-հրոց, «բա դու ով ե՞ս» կարգի արտահայտություններ և այլն:

Կամ էլ բոլորս պիտի սպասենք, որ ՍԴ դատավորների կազմը համալրվի, որ քննարկեն այս դիմումը: Բայց դատելով ՍԴ դատավորներ նշանակելու գործընթացի արագությունից, դա կարող է տարիներ տևել: Արդեն որերորդ անգամ կառավարությունը կամ ՀՀ նախագահը դատավորի թեկնածու է առաջադրում, կամ ԱԺ-ն չի հաստատում այդ թեկնածությունները, կամ թեկնածուներն իրենք են դուրս գալիս գործընթացից:

Բայց մեկ է, գլխավոր հարցը այն է, թե ի՞նչ տեղի ունեցավ, որ Մարուքյանը որոշեց միանալ ՍԴ դիմելու գործընթացին: Միակ բանը, որ վերջին օրերին եղել է, Մարուքյան-ՀՀԿ հրետակոծությունն էր: Մարուքյանը հարցազրույցներից մեկում մի երկու ավելորդ բան ասաց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հասցեին, հանրապետականները բիրիքով «նաեզդ» արեցին նրա վրա, երկուստեք սկսեցին իրար անցյալ հիշեցնել, ու սրա վերջում Մարուքյանը հանկարծ դիմում է Սահմանադրական դատարան: Ոնց որ էն հայտնի ռուս հաղորդավարն էր ասում. «Совпадение?»:

4rd.am