Հրաժարականների շքերթը շարունակվում է. ի՞նչ է կատարվում

1

Բարձրագույն դատական խորհրդի եւս մեկ անդամ` Արմեն Խաչատրյանը, հրաժարականի դիմում է գրել։ Ինչո՞ւ` չի ասել։ Փոխարենը վստահեցրել է, որ պատրաստ է շարունակել «հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր երկրի համար կարեւորագույն այս ժամանակահատվածում»։

Ի՞նչ է կատարվում։ Դատական իշխանության բուրգում բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաներն ինքնակա՞մ են հրաժարական տալիս, թե՞ «հրաժարեցվում» են։ Դա անում են ասֆալտին պառկեցվելու սպառնալիքի տա՞կ` արձագանքելով Փաշինյանի կոչին (ո՛վ չի կարող աշխատել «նոր համակարգում»` անել այն, ինչ իրենից «պահանջվում» է, թո՛ղ սուսուփուս ազատվի գործից ու հանգիստ նստի տեղը), թե՞ չեն ուզում մասնակցել դատաիրավական համակարգի կազմաքանդման «գործընթացին»։

Հրաժարական են տալիս կամ հրաժարեցվում են, որ ի՞նչ անեն` լրացնեն Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը լուծարելուց հետո «ստեղծվելիք» թափուր տեղե՞րը։ Այս հարցն ամենեւին էլ հռետորական չէ, որովհետեւ ամեն ինչ դրան է տանում`թավշիստների հռչակած «դատաիրավական բարեփոխումներին աջակցող» լուսանցքային դեմքերը հո հենց այնպես չեն իրենց «ճղում»` պահանջելով ՍԴ նախագահի, դատավորների հրաժարականը։

Ի՞նչ է սա` ուղիղ ճանապարհ դեպի ոստիկանական բռնապետությո՞ւն, թե՞ իրենց կոչմանը հավատարիմ պրոֆեսիոնալ դատավորների արտահոսք քաոսի եւ անորոշության ուղին բռնած խորտակվող նավից։

Մենք չունենք այս հարցերի պատասխանը, բայց երկու դեպքում էլ «փաշիստական» կառավարությանը հեշտ ժամանակներ չեն սպասում։
Երկրում բռնապետական կարգեր հաստատելը կարճաժամկետ հեռանկարում կարող է օգնել Փաշինյանին` էլի առժամանակ կառչելու իշխանության փրփուրներից։ Բռնապետության վերջը, սակայն, վերջին հաշվով, փլուզումն է` իշխանության անխուսափելի ձախողումը։
Սա` լավատեսական սցենարի դեպքում։ Իսկ վատատեսական սցենարի դեպքում` պետության կործանումը…

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից