Ձերբակալել են «Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանին և ևս 12 մարդու. 168.am

5

 Քիչ առաջ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց այն մասին, որ իրենց տղաներից երկու հոգու տուն ուղևորվելիս ոստիկանները ձերբակալել են և տարել ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին:

Նա նշել էր նաև, որ արդեն իսկ ինքն ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` տեղեկանալու համար, թե ինչ պատճառով են ձերբակալել տղաներին:

168.am-ը փորձեց մանրամասներ ճշտել Արթուր Դանիելյանից:

«Երբ մեր այսօրվա բոլոր միջոցառումներն ավարտել էինք, այդ թվում՝ երթը, ու պատրաստվում էին արդեն բոլորս տուն գնալ, տեղեկացանք, որ տղաներից երկու հոգու ոստիկանությունը ձերբակալել է` կասկածելով ահաբեկչության մեջ: Եղել է ահազանգ, որ այդ մարդիկ ինչ-որ մեկին ահաբեկել են»,- ասաց «Ադեկվատ» Հ/Կ ղեկավարը:

Այլ մանրամասների նա դեռևս չէր տիրապետում:

Հենց այդ ժամանակ` մեզ հետ զրույցի պահին, ձերբակալեցին նաև Արթուր Դանիելյանին, ով արդեն հասել էր ոստիկանական բաժին ու փորձում էր մանրամասներ ճշտել տղաների ձերբակալությունից:

Արթուր Դանիելյանը այլ մանրամասներ չկարողացավ հայտնել, միայն ասաց, որ ձերբակալվածների թիվն արդեն 13-ն է, և որ հաղորդում ներկայացնող քաղաքացին նշել է, որ ահաբեկվել է Մաշտոցի պողոտայով ադեկվատցիների քայլերթից, և որ այն իր մեջ սպառնալիք էր պարունակում: