Մահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում

3

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 2-ին ծննդկան է մահացել: Այդ առթիվ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է տարածել. «Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք, վերջինս տեղափոխման ենթակա չի եղել: Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին»:

Լուիզա Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է: Այս պահին հարազատները փորձում են պատասխան ստանալ բժիշկներից, սակայն բժիշկ չկա, ասես բոլորը «հօդս ցնդած լինեն». «Ճիշտ է, մենք Լուիզային էլ հետ չենք բերի, բայց պահանջում ենք, որպեսզի նրա մահվան մեջ մեղավորները պատժվեն, որպեսզի, նորից ենք կրկնում՝ հետագայում մեր նման ընտանիքներն այս վիշտը չապրեն»,- ասում էին հարազատները:

Լուսանկարներում Լուիզա Ավետիսյանն է՝ ամուսնու հետ