Մանե Գևորգյանի համար ձեռնաշղթա էին նվեր բերել. ակցիա՝ հաջակցություն լրագրողների (ֆոտո, վիդեո)

Մեդիափորձագետ Հայկ Դերզյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր լինելու է կառավարության մոտ և Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին «մի փոքր «նվեր»» է հանձնելու:

«Այն վերաբերվելու է լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ այսօրվա և առհասարակ չորրորդ իշխանության հանդեպ այս երեք տարիների ընթացքում կիրառված բռնությանը:

Որքան Մանեն իր պատկերացմամբ «մոդել է», այդքան էլ «ինտելեկտուալ է» և «դաստիարակված»: Վաղը կսկսենք դաստիարակել:

Դրանից հետո գնալու եմ ArmNews TV՝ շնորհակալություն հայտնելու Անիին իր կատարած աշխատանքի համար: Գործընթացը կլինի ֆլեշմոբի տեսքով և էստաֆետը կփոխանցեմ այլ մարդու, ով իր հերթին նույնպես որևէ դրական ժեստով հանդես կգա այս իշխանություններից չվախեցող լրագրողների նկատմամբ»,– գրել էր Դերզյանը:

Նա այսօր արդեն իրականացրել է խոստումը՝ բացահայտելով, որ Գևորգյանի համար ձեռնաշղթաներ է բերել:

«Մանե Գևորգյան սա քեզ, որ հաջորդ անգամ քեզ զուսպ պահես»,- հրապարակած տեսանյութին կից գրել է մեդիափորձագետը.

Դերզյանը, բացի տեսանյութից, նաև ձեռնաշղթաների լուսանկարն է հրապարակել ու գրել.

«Մանե Գևորգյան, սա քեզ։ Ապագայում սա պետք է գալու շեֆիդ, իսկ մինչ այդ կկրես դու, որպեսզի լրագրողների հանդեպ ավելի զուսպ պահես քեզ»։

Ավելի ուշ ակցիան իրականացնող Հայկ Դերզյանը տեսանյութ է հրապարակել նաև Ազգային ժողովի դարպասների դիմացից.

«Չորրորդ իշխանության ներկայացուցիչների հանդեպ իրականացվող բռնության դեմ պայքարում պետք է ոչ միայն դատապարտել մեղավորներին, այլ նաև խրախուսել լրագրողի խիզախ և արդար աշխատանքը

Էստաֆետը փոխանցում եմ Տիգրան Վարդանյանին»,– գրել է նա՝ օգտագործելով «Շնորհակալություն Լրագրողին» հեշթեգը:

Ավելի ուշ մեդիափորձագետը նաև տորթ է հյուրասիրել լրագրող Անի Գևորգյանի: Պահը որսացել է մեր մեկ այլ գործընկեր Վահե Մակարյանը:

«Ձեռնաշղթաները` Մանեին, տորթը` Անին:

Հայկ Դերզյանը, որն այսօր ձեռնաշղթաներ էր տարել Փաշինյանի խոսնակ Մանեի Գևորգյանին, որ այլևս չխոչընդոտի մեր գործընկեր Անիի աշխատանքը, որոշել էր «տուժած կողմին» էլ` Անի Գևորգյանին, թխվածք նվիրել:

Քիչ առաջ ԱԺ անցակետում ստացանք նվերը` որպես գնահատում Անիի աշխատանքի: Ասաց` ես էլ կարող եմ տորթից օգտվել»,- հրապարակած տեսանյութին կից գրել է Վահե Մակարյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ստանձնել էր Փաշինյանի թիկնապահի դերն ու երկարել էր ձեռքերը լրագրող Անի Գևորգյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս Փաշինյանին հարց էր տվել, թե ինչ խղճով է եկել «Եռաբլուր»: