Մանե Թանդիլյանը վերադարձա՞վ «Լուսավոր Հայաստան»

3
 Հունիսի 11-ին կառավարության նիստում ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվեց Ազգային ժողով: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին:

Այս առաջարկի ընդունվելուց հետո ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում ներկայացրեց և հայտարարեց. «Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության անդամ եմ դարձել որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցությանն անդամակցությունը»:

Այս հայտարարությունից օրեր անց պարզ դարձավ, որ վարչապետ Փաշինյանը չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը և նախարարը պատրաստակամություն էր հայտնել շարունակել իր աշխատանքը: Նախարարի պաշտոնը չլքելուց հետո մնաց անհասկանալի մի հարց՝ արդյո՞ք Մանե Թանդիլյանը վերադարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, թե՞ ոչ:

Այս հարցի պարզաբանման նպատակով Politik.am-ը կապ հաստատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցություն և խնդրեց պարզաբանել, արդյո՞ք Մանե Թանդիլյանը վերադարձել է կուսակցություն: Մեր հարցման ի պատասխան կուսակցությունից ասացին, որ Մանե Թանդիլյանը չէր էլ լքել կուսակցությունը:

Աղբյուր՝ Politik.am