«Մարտին, վատ եմ, փրկի ինձ». Մերի Մարգարյանը մահվանից ժամեր առաջ դիմել է եղբորը

5

Շուշանիկ Բախշյանն իր հանցավոր ինքնավստահությամբ ուղղակի սպանել է Մերիին: Նման հայտարարությամբ «Շենգավիթ» վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա դատական նիստում հանդես եկավ մահացած ծննդկանի Մերի Մարգարյանի մայրը՝ տիկին Ստեփանյանը ՝դատարանին խնդրելով խստագույնս պատժել Շուշանիկ Բախշյանին և բոլոր մարդկանց, ովքեր առնչություն են ունեցել Մերիի մահվան հետ:

Մահացած ծննդկանի մայրը մեծ դժվարությամբ, սակայն դատարանում ցուցմունք տվեց և հայտնեց, որ Շուշանիկ Բախշյանը, երբ առաջին անգամ տեսել է նրան, լավ տպավորություն չի թողել։ Դուստրը՝ Մերին, 2015թ. հուլիսի 23-ին մորը տեղեկացրել է, որ ջերմում է, փորձել են գտնել բժշկուհուն, չի հաջողվել, հեռախոսազանգերին նա չի պատասխանել, ի վերջո հաջողվել է Բախշյանի հետ կապ հաստատել, վերջինս Մերինն ասել է, որ «պարացետամոլ» դեղահաբ ընդունի, ջերմությունը չիջնելու դեպքում՝ «անալգին-դիմեդրոլ» ներարկեն, իսկ որպես ծննդկանի վիճակի ախտորոշում բժշկուհին ասել է ՝վիրուս է, գինեկոլոգիական խնդրի Մերին չունի:

Հուլիսի 25-ին Մերիին տարել են հիվանդանոց, որտեղ նրանից անալիզներ են վերցրել, ջերմությունն ստուգել, փոքրիկի սրտի բաբախը լսել, սակայն Մերիի հարազատները որքան էլ պնդել են, որ նրան հոսպիտալացնեն՝ Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է՝ ասելով, որ «չգիտի ինչ գրի, որ պառկեցնի, վիրուս է, պաթոլոգիա չկա»: Ի վերջո ծննդկանի հարազատների պնդումներին Շուշանիկ Բախշյանը տեղի է տվել և հուլիսի 26-ին՝ ժամը 16-17-ի սահմաններում, նրան հոսպիտալացրել։

Ըստ վկայի՝ Մերիի վիճակն ավելի է վատթարացել., հուլիսի 27-ի վաղ առավոտյան շուտ նրա ջերմությունը կտրուկ իջել է՝ հասնելով 35-ի։ Մայրը բժիշկներից մեկի ցուցումով դստեր համար թեյ է պատրաստել, սակայն վերջինս անգամ թեյը չի կարողացել խմել։ Ըստ մոր ցուցմունքների՝ Բախշյանն այցելելով հղիին, ով անկողնում կիսապառկած է եղել, ձեռքով հարվածել է նրա ոտքին ու ասել. «մի հատ քեզ հավաքի, ըտենց էրեխա չես կարող ունենալ»:

Այդքանից հետո Շուշանիկ Բախշյանը Մերիի հարազատներից սնունդ է ուզել խաշած միս և բրոկոլի, – պատմեց Մերիի մայրը՝ հավելելով, որ սա այն դեպքում, երբ աղջիկն անգամ թեյ չէր կարողանում խմել: Ըստ վկայի՝ բժշկուհու կողմից դա արվել է, որպեսզի հարազատները հիվանդանոցից գնան, իսկ երբ Մերիի սկեսուրն ու սկեսրայը գնացել են սնունդը բերելու, Մերիի մայրը նկատել է, որ Բախշյանը Մերիի հիվանդության պատմագրում ինչ-ինչ գրառումներ է կատարում:

Մերիի մայրը նաև պատմեց, որ դստեր վիճակն այնքան էր վատացել, որ եղբորն ասել է «վատ եմ, փրկի ինձ»:

Ի վերջո, երբ Մերիի վիճակն ավելի է վատթարացել՝ Շուշանիկ Բախշյանն ասել է՝ ուզում եք նրան տեղափոխեք Ձեր ծանոթ բժշկի մոտ: Մերիին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա սկեսրայրի հարազատը ևս գինոկոլոգ է, սակայն այնտեղ հարազատներին ասել են, որ Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է անհապաղ կեսարյան հատում կատարել:

«Մենք հույս ունեննք, որ Մերին կամ թոռնուհիս կփրկվեն, 5 օրվա մեջ Շուշանիկ Բախշյանը 3 ընտանիք դժբախտացրեց»,- ասաց Մերիի մայրը՝ հավելելով, որ Շուշանիկ Բախշյանը կեսարյան հատման մասին ընդհանրապես ոչ մի բան չի ասել, «Շենգավիթ» ԲԿ-ում դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Ըստ վկայի տեղեկությունների՝ նշված ԲԿ-ից միայն Սիրունյան ազգանունով բժիշկն է ասել, որ կեսարյան հատում կատարեն:

Վկան նշեց, որ Շուշանիկ Բախշյանն ընդհամենը 6 ամսվա կուրսերի է գնացել նա գինեկոլոգ չի, պաթոլոգիայից ոչ մի բան չի հասկանում:

Վկայի ցուցմունքից հետո նրան հարցաքննելու հնարավորություն ունեցավ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, ով հետաքրքրվեց, թե տուժածի մոր կարծիքով, ի վերջո ի՞նչ պետք է անեին բժիշկերը, որ չեն արել, սակայն դատարանի կողմից պաշտպանի հարցն անմիջապես հանվեց:

Դստերը կորցրած մայրն իր վրդովմունքը հայտնեց դեպքից հետո պաշտպան Սիրունյանի կողմից տրված հարցազրույցների վերաբերյալ, որտեղ փաստաբանը հայտարարել է, որ «Մերի Մարգարյանի մոտ HELP հիվանդություն է ախտորոշվել, մեկ է ինքը մահանալու էր»:

Հաջորդիվ ցուցմունք տվեց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի սկեսրայրը՝ Էդգար Հարությունյանը, ով պատմեց, որ իր բարեկամը «Էրեբունի» ԲԿ-ում գինեկոլոգ է, բայց քանի որ Մերին նախընտրել ու վստահել է Շուշանիկ Բախշյանին չի առարկել և թողել է նրա հայեցողությանը: Վկան նկարագրեց այդ օրերին Մերիի վիճակը՝ նշելով, որ նա ջերմել է: «Շենգավիթ» ԲԿ-ում Մերիին չեն հոսպիտալացրել, անալիզներ են վերցրել, փոքրիկի սրտի բաբախը լսել, որին իրեն ևս հրավիրել են, որ ներկա գտնվի, սակայն հուլիսի 27-ին, երբ Մերիին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ըստ սկեսրայրի, նա աննկարագրելիորեն փոխված է եղել:

«Էրեբունի» ԲԿ-ում էլ սկեսրային ասել են, որ Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վկան պնդեց, որ Մերին մահացել է անփութության ու անգրագիտության հետևանքով, ապա հավելեց, որ այդ վարկածը շատ բժիշկներից ևս լսել է:

Այսօր դատարան էր հրավիրվել նաև Մերի Մարգարյանի սկեսուրը, սակայն վերջինիս հարցաքննությունը հետաձգվեց, քանի որ պարզեց, որ նա հայերենին լավ չի տիրապետում և դատարանը որոշեց նրան հարցաքննել թարգմանի ներկայությամբ:

Հաջորդ՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք դատական նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:

Նշենք, որ այսօր մինչև վկաների հարցաքննությունը դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, փոխեց սահմանված ապացույցների հաջորդականությունը և որոշեց հարցաքննել վկաներին, ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով, մինչ այդ դատարանը հետազոտում էր գործի նյութերը:

Աղբյուր` Փաստինֆո