Մարտունիկը Վարդանիկի կողքը չի կանգնի

1

Հայտնի պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանը գալիք ընտրություններին մասնակցում է ՀՀԿ դրոշի ներքո. ՀՀԿ-ն Շիրակում առնվազն չորս լուրջ թեկնածու ունի, որոնցից մեկն ինքն է, մյուսները` Արման Սահակյանը, Բալասանյան Սամվելի որդին և Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Բնական է, որ ՀՀԿ-ին այդ չորսն էլ պետք են մարզի կտրվածքով բավական ձայն ապահովելու համար, սակայն այդ չորսից առնվազն երկուսը «քաշված» են` նրանք գործիք են կուսակցության ընդհանուր գործի իրականացման մեջ, և նրանց անձնական ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում:

Հիմա ի՞նչ է ասում Մարտունիկ Գրիգորյանը, ինչպե՞ս է մեկնաբանում իր ընդգրկումը ՀՀԿ ցուցակում: Ասում են, թե սրան ինչ-որ մի բանի համար չի կարող ներել Գագիկ Ծառուկյանը, սա էլ առանց մանդատի ուղղակի չի կարող ապրել, գնացել և ինքնահանձնվել է ՀՀԿ-ին, վերջինս էլ համաձայնել է ճաշակել սրա ծառայությունները: Ուրեմն, Մարտունիկը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ հարգանքի և գովեստի խոսքեր էր շռայլել Ծառուկյանի հասցեին, հետո հավելել. «Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ. ԲՀԿ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավելի, ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին»:

Փաստորեն, Մարտունիկն ասում է, որ Վարդան Ղուկասյանի հետ, որը նույնպես առաջադրվում է ԲՀԿ-ի կողմից, նա մի թիմում տեղ չունի: Ուզում է ասել, թե՝ ես էնքան բարձ արժանիքներ ունեմ, որ Վարդանիկի կողքին լինելն ինձ համար ամոթ է: Իհարկե, Մարտունիկը սուտ է ասում. մանդատի համար նա սատանայի կողքն էլ կկանգնի, էլ ուր մնաց Վարդանիկի, և այս առիթով ուզում ենք արտահայտել մի քանի նկատառում:
Իհարկե, երկնային պարգև չէ Գյումրու նախկին քաղաքապետը, բայց համեմատել նրան Մարտունիկի հետ չի կարելի: Ասենք, Վարդանիկը 18 տարեկանում մարդասպանության չի մասնակցել ու մարդ չի սպանել, ի տարբերություն Մարտունիկի (խոսքը 2000թ. տեղի ունեցած Խաչատուր Մուրադյանի սպանության մասին է, այս դեպքին մենք բազմիցս անդրադարձել ենք): Քաղաքում Մարտունիկը շրջապատված է ամենավարկաբեկված քրեական տարրերով, որոնցից մեկին կյանքից հեռացրեց Վարդանիկի եղբորորդին և հիմա կրում է 17 տարի ազատազրկման պատիժը: Քաղաքին հասցրած այլ բարոյահոգեբանական ու տնտեսական վնասների մասին էլ չենք խոսում…
Չի կարելի բարոյախրատական ելույթներ ունենալ, այն էլ` մամուլում, հատկապես երբ ելույթ ունեցողը Մարտունիկ Գրիգորյանն է: Ընտրություններից առաջ չի կարելի մարդկանց էլ ավելի նյարդայնացնել ու լարել: Քեզ տեղ են տալիս` գնա՛ մասնակցիր ընտրություններին, էլ կույս ձևանալուդ իմաստը ո՞րն է:

Zham.am