3 Հունիսի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտնի հայտարարությունը՝ «մեծահարուստների քսակը» հանուն հայրենիքի բացելու մասին, բավական ուշադրություն գրավելուց հետո բավական արագ էլ մարեց: Ընդ որում, ուշադրությունից էլ բաց մնաց հայտարարության մեկ այլ ասպեկտ: Այն քննարկվեց միայն, այսպես ասած, իշխանության ներսում սեփականության վերաբաշխման, «կուլակաթափության» հավանականության, այլ կերպ ասած՝ զուտ ֆինանսական տեսանկյունից:

Ani Product

Մինչդեռ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը պարունակում էր նաեւ իշխանության ներսում առկա կոնցեպտուալ խնդրին առնչվող տողատակ: Դա «սերնդափոխության» խնդիրն է: Այն անխուսափելի է, վաղ թե ուշ դրա առաջ կանգնում է ցանկացած համակարգ, ընդ որում՝ կանգնում պարբերաբար: Ինչ-որ իմաստով դա բնական խնդիր է:

Ani Product

Մյուս կողմից՝ խնդիրն ունի երկու կողմ՝ զուտ ֆիզիկական սերնդափոխություն եւ մոդելային: Հայաստանում քաղաքական համակարգում առաջացել է նաեւ մոդելային սերնդափոխության խնդիր: Ընդ որում, կա նույնիսկ որոշակի ուշագրավ մի վիճակ, երբ սերնդափոխության ֆիզիկական ասպեկտը այդքան հրատապ չէ, որքան մոդելայինը, մեթոդաբանական, կառուցվածքային սերնդափոխությունը: Շարմազանովի հայտարարության մեջ արտահայտված էր այդ խնդիրը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Տվյալ պարագայում ՀՀԿ երիտասարդ սերունդը փաստորեն «առաջարկում» է, կամ այդ սերնդի միջոցով Սերժ Սարգսյանը «պահանջում» է, որպեսզի օլիգարխիան ինքնաֆինանսավորվող քաղաքականությունից անցում կատարի «երիտտուրքի» քաղաքականության, այսինքն՝ քսակը բացի, տուրք տա երիտասարդների քաղաքականությանը՝ այդպիսով հեռու մնալով «խրամատից», ինչպես ԱԺ դահլիճը ժամանակին բնորոշել էր Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ այդ «խրամատը» ժամանակին գայթակղիչ էր բոլորի համար, քանի որ այնտեղ ապահով էր՝ ի տարբերություն ռազմական, պատերազմական խրամատի: Բայց նոր իրավիճակում խորհրդարանական «խրամատը» դառնում է ոչ այնքան ապահով, քանի որ մանդատն այլեւս բարձրագույն իշխանական ինստանցիան է՝ նախագահական մանդատ այլեւս չկա: Հետեւաբար այլեւս չկա նա, ում վրա կբարդվեն բոլոր «մեղքերը»: Բոլորին նշանակելու է խորհրդարանի մանդատը, հետեւաբար ամեն ինչի համար պատասխանատուն այդ մանդատն է: Ըստ այդմ, հարմար եւ ապահով թաքնվելու վայրից խորհրդարանական «խրամատը» դառնում է արդեն թիրախում հայտնվելու վայր:

Այստեղ, իհարկե, վտանգը մահացու չէ, ինչպես առաջնագծում, բայց իրավիճակը այլեւս չի լինի նախկինի պես հանգիստ: Երիտասարդ հանրապետականներն առաջարկում են նոր սերնդի մեխանիզմ: Մեծահարուստը վճարում է «երիտտուրքը», այսինքն՝ տուրքը իշխանության երիտասարդ սերնդին, իսկ այդ սերունդն էլ զբաղվում է «մաքուր» քաղաքականությամբ, որն, այսպես ասած, սերտաճած չէ բիզնեսին, այսինքն՝ պատգամավորներ, որոնք բիզնեսմեն չեն, եւ ամեն ինչ կարգին է արդեն ոչ միայն թղթով՝ ինչպես կասեր նույն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ «ճշտով»:

Մեծահարուստները պետք է կողմնորոշվեն, թե որն է «ճիշտը»՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ մնալ «խրամատում» եւ կրել պատասխանատվությունը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ նրանք չգիտեն, թե ով է լինելու դատավորը, այսինքն՝ ճիշտը որոշողը»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Լրահոս