ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թվականներին Բաքուն խոշտանգել և ազատությունից ապօրինի զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Մինչև 2010 թվականի նոյեմբերի 8-ը Արթուր Բադալյանի գտնվելու վայրը անհայտ է եղել ընտանիքի և Հայաստանի իշխանությունների համար:
2011 թվականի մարտի 17-ին գերիների փոխանակման շրջանակներում Բադալյանն ազատ է արձակվել՝ ԿԽՄԿ միջնորդությամբ:
Բադալյանը ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում: Նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի:

ՄԻԵԴ-ը միաձայն ընդունել է հայցադիմումը՝ արձանագրելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում – Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի) խախտում: Դատարանը միաձայն պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք – Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով)  խախտում:
2009 թ. մայիսի 9-ին Հաղարծին համայնքի բնակիչ Արթուր Բադալյանը Տավուշի մարզի Նավուր համայնքի մոտակայքում ընկերների հետ գնացել է սունկ հավաքելու և անհետացել: