Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին` ԱԺ անցնելու առիթով

Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրական դատարանի որոշման մասին։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ու ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը:

Նա նաև նշեց, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ»:

«Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ԱԺ անցնելու առիթով, և ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։