10 Մարտի, 2017

Վերջերս ծածուկ ձեւով, առանց աղմուկ անելու, պաշտոն տվեցին ներկայում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, իսկ նախկինում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մտերիմ ընկերոջը՝ Տիգրան Խեչոյանին։ Նա նշանակվել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի վերահսկողության բաժնի պետ։ Տիգրան Խեչոյանը ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնականն էր, ում 2015 թվականի հունիսին անսպասելիորեն ազատեցին պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։

Ani Product

Իրական պատճառների մասին ոչ ոք չցանկացավ բացատրություն տալ՝ ոչ Կոստանյանը, ով ուսանողական տարիներից է ընկերություն անում Տիգրան Խեչոյանի հետ, ոչ ինքը՝ Խեչոյանը, ոչ էլ ԱԱԾ համապատասխան աշխատողները։ Անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունն էր զբաղվում Խեչոյանով։ Հատուկ ծառայությունները լուրջ կոռուպցիոն բացահայտումներ էին արել, որոնց թելերը տանում էին դեպի գլխավոր դատախազի օգնականը։ Դատախազության մեր աղբյուրը նշում էր, որ խոսքը մի քանի հազար դոլար կաշառքի մասին է՝ «գործ անելու համար» վերցված։ Գումարը փոխանցվել էր, բայց հարցերի լուծումն ուշացել էր, «քցվածներն» էլ նախ դիմել էին «գողականներին»՝ գումարները հետ ստանալու համար, ապա՝ իրավապահներին։ ԱԱԾ-ն այս գործի շուրջ լիարժեք գաղտնիություն էր պահպանում, անգամ չէին ասում՝ եղե՞լ է վարույթ, թե՞ ոչ։

Ani Product

Միառժամանակ անց կրկին մեր աղբյուրից տեղեկացանք, որ Խեչոյանի ու նրա շրջապատի գործադրած մեծ ջանքերն արդյունք են տվել, եւ այս պատմությունը քրեական մասով փակվել է։ Որոշ ժամանակ դատախազի նախկին ավագ օգնականն անգործ ման էր գալիս, եւ, ահա, երկու ամիս առաջ նա կրկին տաքուկ տեղավորվեց պետական համակարգում, ՓՄՁ ԶԱԿ-ում։ Այս կենտրոնն ահռելի գումարներ է ստանում պետությունից, նաեւ մեծ վարկային միջոցներ՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու համար։ 2015 թվականին մոտ 153 մլն․ դրամ էր ստացել այդ նպատակով եւ 5 մլն․ դրամի վարկային գումարներ, 2016-ին 143 մլն․ դրամ պետությունից է ստացել եւ 7 մլն․ դրամ վարկ։

Այս տարի կենտրոնի ծրագրերն ու միջոցներն ընդլայնվելու են, Եվրամիությունից 1 միլիոն 123 հազար եվրո դրամաշնորհ է ստացվելու։ Եվ, ահա, այս կառույցում մոնիտորինգի եւ վերահսկողության աշխատանքները կանոնակարգելու եւ ղեկավարելու է Տիգրան Խեչոյանը։ Նա, բնականաբար, ծառայողական մեքենա ունի, աշխատասենյակ, ինչպես նաեւ գործարար մարդկանց, ՓՄՁ ղեկավարների հետ տարատեսակ հարաբերությունների մեջ մտնելու մեծ հնարավորություններ։ Իսկ ինչպե՞ս դասավորվեցին Խեչոյանի հարաբերություններն ԱԱԾ հետաքննողների հետ, ինչպե՞ս պատահեց, որ նա կրկին բարձր պաշտոնում հայտնվեց։ Պատասխաններն իրենից փորձեցինք ստանալ, բայց նա հեռախոսով մեզ պատասխանեց, որ ինքը Տիգրանը չէ։

Հ.Գ․ Մեր երկրում մշտապես պաշտոն ու «պադավատ» ունենալու համար պետք է այնպես ապրել, որ քեզնով հետաքրքրվեն իրավապահ մարմինները։ Համոզվելու համար բավական է հետեւել կոռուպցիոն սկանդալների հերոսներին։ Օրինակները բազմաթիվ են՝ նախկին վարչապետից մինչեւ նախարարներ, առընթեր ծառայությունների պետեր, բարձր ու միջին օղակների չինովնիկներ։ Նրանց հեռացնում են պաշտոնից, հետաքննություն կամ նախաքննություն է սկսվում նրանց կասկածելի գործունեության շուրջ, հաճախ նաեւ քրեական գործեր են հարուցվում։ Հետո սկսվում է փակ, գաղտնի շրջան, միառժամանակ նախկին պաշտոնյաները նույնիսկ հեռանում են երկրից, անցնում է մի երկու տարի, կրքերը հանդարտվում են, ու մեկ էլ լսում ենք, որ կոռուպցիոն սկանդալի հերոսը պետական կերակրատաշտի մոտակայքում նոր պաշտոն է ստացել։ Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ Դիտվել է 3004 անգամ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կիսվեք նյութով՝

Լրահոս