Նոր մանրամասներ` «Դոն Պիպոյի» եղբոր սպանության դեպքից (տեսանյութ, լուսանկարներ)

2021թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Վաղարշապատի հիվանդանոցի Շտապ Օգնության բաժանմունքից  ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մարգարա -Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում հրազենային վնասվածքներով  տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նույն օրը` ժամը 18:30-ին,  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն  մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի  ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13  հատ 5,45 տրամաչափի  կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ  և  «ԱԿՍՈՒ» մոդելի  ինքնաձիգ՝ դատարկ  պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երևան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել  «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո  «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի   ավտոմեքենան տեղափոխելով  Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն և  դիմել  փախուստի: Կրակոցների հետևանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝  Արմեն Ասատրյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արմեն Ասատրյանը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրն է: