Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում   է Արարատ 73 լեգենդար ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին: