Շնորհավոր. դուք արժանի եք իրար

Այսօր Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստում անդրադառնալով Ազգային ժողովի ընտրության արդյունքներին, ասել է. «Շնորհավորում եմ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների անցկացման արդյունքներով ներքաղաքական ճգնաժամներ ունենալու պրակտիկային»։

«ՉԻ». Այս խորհրդարանը կոչվելու է ճգնաժամային: Այսինքն՝ այստեղ այն ուժերն են լինելու, որոնք ճգնաժամեր են ստեղծում, հետո՝ դրանք փորձում լուծել: 

Այս խորհրդարանում լինելու են ուժեր, որոնք երբեք և ոչ մի պարագայում սխալ չեն անում. ամեն մեկն իրեն համարում է ամենաճիշտը: Այսինքն՝ կոչվելու է ճշտի խորհրդարան:

Այս խորհրդարանում լինելու են ուժեր, որոնք երբեք չեն պարտվել, տարել են միայն հաղթանակներ, այսինքն՝ կոչվելու է հերոսների խորհրդարան:

Այս խորհրդարանում լինելու են ուժեր, որոնց համար իշխանությունը գերնպատակ չէ, այլ փող աշխատելու միջոց: Այսինքն՝ կոչվելու է աշխատողների խորհրդարան: 

Այս խորհրդարանում լինելու են ուժեր, որոնք երբեք չեն հանդուրժել դավաճանությունը և միշտ հավատարիմ են եղել իրենց գաղափարներին: Այսինքն՝ կոչվելու է պրինցիպի խորհրդարան:

Դե ինչ, շնորհավոր՝ ձեր ներկուսակցական, ներիշխանական ճգնաժամերը հաղթահարելու և իրար հետ հաշտվելու համար: Դուք արժանի եք իրար: