Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայիսյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվ են գործել Մեծամորի հիվանդանոցի բժիշկները: Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ.Գինոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com