Ում հաշվին է հյուրասիրություններ կազմակերպում Արագածոտնի մարզպետը

18
«ՉԻ» տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ամենահյուրասեր թավշյա մարզպետն է: Նա սովորություն ունի իր հյուրերին հյուրասիրել համայնքների ղեկավարներին պատկանող ռեստորաններում ու խորտկարաններում: Օրերս «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին մասնակցած իր բազմաթիվ հյուրերին մարզպետը պատիվ էր տվել «Նազրվանի Ձոր» կոչվող ռեստորանում:
Հայտնի է, որ ռեստորանը պատկանում է մարզի Ղազարավան գյուղի գյուղապետ Հայկ Ասատրյանին: Վերջինս, մեր տեղեկություններով՝ ջանք ու եռանդ չի խնայում մարզպետի բարեհաճությանը արժանանալու համար, և հյուրասիրությունն էլ հավատարմությունն ապացուցելու հերթական առիթ էր:

Հավելենք, որ Ղազարավանի գյուղապետի պաշտոնը հորից փոխանցվել է որդուն: Ավելին՝ Ասատրյան ընտանիքի անդամները արհեստավարժ են պաշտոններ զբաղեցնելիս: Ի մասնավորի՝ եթե Ղազարավանի գյուղապետ Հայկ Ասատրյանը գյուղապետի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Սպարտակ Ասատրյանին, ապա նրա կինը դպրոցի տնօրենի պաշտոնը ժառանգաբար ստացել է իր սկեսուրից, այսինքն՝ գյուղապետի մորից: Մենք փորձեցինք Հայկ Ասատրյանից պարզաբանում ստանալ, թե իր ռեստորանում մարզպետ Դավիթ Գևորգյանը որքան է վճարել կերուխումի համար, մարզպետարանի հաշվին է եղել հյուրասիությունը թե ռեստորանի, սակայն գյուղապետը խուսափեց պատասխանից, ասելով՝ «Չեմ կարող պատասխանել, որովհետև մի տեղ նստած ենք և շատ զբաղված եմ»: