Չեխիայի նախագահը այսուհետ կտեղաշարժվի անվասայլակով

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ոտքերի հիվանդության պատճառով որոշում է կայացրել տեղաշարժվել անվասայլակով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:

«Որոշել եմ տեղաշարժվել անվասայլակով»,- ասել է երկրի ղեկավարը: Վերջինս հայտնել է, որ արդեն օգտագործում է սայլակը քաղաքից դուրս գտնվող նստավայրում, ինչպես նաև Պրահայի իր նստավայրում տեղաշարժվելու համար: Միևնույն ժամանակ Զեմանն ընդգծել է նման միջոցով տեղաշարժվելու հարմարավետությունը:

Բացի այդ, չեխ ղեկավարը կիսվել է նաև հոկտեմբերին տոնական արարողություն անցկացնելու ծրագրով: Տոնակատարությունը նվիրված կլինի Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձին: Վերջինս նշել է, որ եթե միջոցառումը տեղի ունենա, ապա նա սայլակով կներկայանա դրան:

Երկրի ղեկավարը նախկինում բազմիցս գանգատվել է ոտքերի հիվանդությունից: Բացի այդ, 2019 թվականին գործչի մոտ ցածր ճնշման և ջրազրկման հակվածություն է հայտնաբերվել, որի պատճառով նա վերջին երկու տարում նիհարել է 20 կգ-ով: