Պաշտոններ՝ անձերի համար. Փաշինյանն անում է այն, ինչի դեմ նախկինում պայքարում էր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս 2016 թվականի փետրվարին, երբ խորհրդարանում կառուցվածքային փոփոխության նախագիծն էր քննարկվում, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանուն անձերի որոշվում է նախարարությունները բաժանել, որ արդյունքում իրենց թիմակիցները պաշտոններ ստանան:

Երեկ նույն տրամաբանությամբ Փաշինյանի իշխանությունը բաժանեց ԱԺ երկու հանձնաժողովները` Առողջապահությունն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի՝ հանուն նրա, որ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պաշտոն ունենա: Մինչդեռ, Փաշինյանը 2016-ին իր ելույթում նշել էր, թե ժողովրդի պահանջն ի կատար է ածվում, եւ ՏԿ-ն անջատվում է ԱԻ-ից, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլեւ պաշտոնից չազատել Արմեն Երիցյանին:

«Կա նախարարությունները միացնելու եւ հետո դրանք հանուն ազգային նպատակների կիսելու գեղեցիկ ավանդույթ: Կարելի է, օրինակ, Կրթության եւ գիտության նախարարությունը առանձնացնել եւ, ինչպես տարիներ առաջ, դարձնել Կրթության նախարարություն, Լուսավորության… Աշոտյանին նշանակել Կրթության նախարար, Մկրտչյանին` Լուսավորության: Կարելի է կիսել Էկոնոմիկայի նախարարությունը, դարձնել` Էկոնոմիկայի եւ Առեւտրի: …Ի դեպ, ասում են` մի քանի մարզ նույնպես տալու են  «Դաշնակցությանը», եւ սրա պատճառով երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու են քաղաքական կոնյուկտուրային: Բայց ինչո՞ւ գնալ նման լուծումների: Չէ՞ որ կարելի է մարզերը եւս կիսել. թող լինի առանձին Արագածի մարզ եւ լինի առանձին «ոտն»-ի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ եւ առանձին «ունիք»-ի մարզ»…

Այսպիսով, փաստորեն, ոչ մի բան չի փոխվել, ընդամենը՝ իշխանության դեմքերը, իսկ բովանդակությունը նույնն է՝ պաշտոններ՝ անձերի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։