Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման

7
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Փողոցում հայտնված քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, որը ժողովրդին հղեց մարտի 24-ին:

«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Ինչ վերաբերվում է կենսական անհրաժեշտ համարվող գործունեությունների եւ տեղաշարժերի ցանկերին, Պարետատունը դրանք հրապարակել է արդեն եւ հարկ չեմ համարում թվարկել բոլոր դեպքերը:

Նշեմ միայն, որ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը եւ ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն եւ բանկեր, բայցեւ ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություններից:

Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ շատերը նման ծառայություններից օգտվելու փորձ չունեն, բայց սա շատ լավ առիթ է սովորել ժամանակակից աշխարհին հատուկ տեխնոլոգիական այս լուծումներին, մանավանդ որ այդ ծառայությունները ձեր կյանքը միանշանակ կդարձնեն ավելի հարմարավետ ոչ միայն համաճարակի պայմաններում, այլեւ դրանից հետո:

Ուզում եմ նաեւ ներողություն խնդրել բոլորիցդ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար: Հույս ունեմ, սակայն, որ բոլորիդ համար ակնհայտ է, որ սա արվում է հենց ձեր եւ հատկապես մեր ազգային գիտակցության հենասյուների՝ մեր ծնողների, տիկների եւ պապիկների անվտանգությունն ապահովելու համար:

Նշեմ նաեւ, որ հենց այս նպատակով բոլոր այն թոշակառուները, ովքեր իրենց թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ եւ թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում Հայփոստի շրջիկ խմբերի կողմից:

 Նաեւ սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը առավոտյան ժամը 10-ից 12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին: Բոլոր մյուս քաղաքացիներին կոչ եմ անում այդ ժամերին խանութներից գնումներ չկատարել:

Իմ կոչն ու խնդրանք է բոլորիդ՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Եւ ընդհանրապես, խստագույնս հետեւել պարետատան բոլոր հրահանգներին:

Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի բոլոր կանոնները եւ հետեւել առողջապահության նախարարության հրահանգներին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: