Պարզվեցին ապօրինությունները, քննիչի և դատախազի փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը բավարարված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօրվա որոշումից։

«Մենք համարում ենք, որ Վերաքննիչ դատարանն օրինաչափ որոշում է կայացրել։ Դատական նիստում պարզ եղան թույլ տրված ապօրինությունները, քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները և նաև դատախազների փնթի վերահսկողությունը»,–ասաց նա՝ նշելով, որ վերջնական բավարարված կլինեն այն դեպքում, երբ որ բոլոր խախտումները, որոնք այս մեկ տարվա ընթացքում թույլ են տրվել Քոչարյանի գործով՝ կվերացվեն։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել.

«Խախտումները շատ են եղել, բացարձակապես անհիմն կալանք է դրվել նաև իմ ու եղբորս հաշիվների վրա, երբ բողոքարկեցինք դատախազին, իմ մասով հանեցին, իսկ եղբորս մասով ոչ։ Սակայն միայն 4-5 ամիս իմ հաշիվներն ու գույքն է եղել կալանքի տակ բացարձակ ապօրինի հիմքով։ Հիմնավորումն այն էր, որ այն ինչ–որ մենք ունենք, դա մերը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանինն է, դրա համար դնում ենք, բայց մենք տեսանք, որ այն ինչ արվել է Ռոբերտ Քոչարյանի գույքի հետ, ապօրինի է»։

Հարցին, թե ներկայումս ֆինանսական խնդիրներ ունե՞ն, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Մենք ֆինանսական խնդիրներ չունենք, հայրս պարզապես ասաց, որ կցանկանար իր միջոցներով իրականացնել իր պաշտպանությունը»։