«ՌԴ դաշնակիցը ողջ հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչները»․ Փաշինյանը` Մարգարիտա Սիմոնյանին

9

Հայաստանում և հայկական շրջանակներում  RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կտրուկ բացասական արձագանք է առաջացրել, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ոչ։ Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են», – նշել է Փաշինյանը՝ մեկնաբանելով Մարգարիտա Սիմոնյանի խոսքերը։
Մեկնաբանելով 2008 թ. Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու պահանջները՝ Փաշինյանը նշել է, որ ոչ թե անհատ քաղաքական գործիչներն են Ռուսաստանի դաշնակիցները, այլ ամբողջ հայ ժողովուրդը: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը։ Դաշնակից և գործընկեր է հայ ժողովուրդը: Սա շատ կարևոր նրբություն է», – ասել է վարչապետը:
Նրա խոսքերով՝ շատ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացնում էին որպես Ռուսաստանի միակ դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է»: Արձագանքելով ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ բողոքին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նրանք սկսել են աշխատել շատ ավելի շուտ, քան ինքը եկել է իշխանության 2018 թվականին:
 «Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին: Այս բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ: Եթե ​​նրանք այդքան ռուսամետ էին, ինչո՞ւ չփակեցին այդ կազմակերպությունները», – նշել է Փաշինյանը: