Ռոբերտ Քոչարյանի երեք պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

13
goodwinbe

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հետ են վերցրել վերաքննիչ բողոքները՝ հաշվի առնելով, որ արդարադատություն, դատավարություն կամ իրավական ցանկացած գործընթաց ակնկալել հնարավոր չէ մակագրված դատավորի դեպքում, այն է՝ Արմեն Դանիելյանի։

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մայիսի 13-ին մերժել էր երկրորդ նախագահի փաստաբանական խմբի միջնորդությունները նրան գրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։

Փաստաբանները վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որը մակագրվել է Արմեն Դանիելյանին։ Արմեն Դանիելյանը, հիշեցնենք, բեկանել էր առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև` մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

Տեղեկատվության առնչությամբ զրուցեցինք երկրորդ նախագահի փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

– Պարոն Վարդևանյան, ո՞րն է դիմումը հետ վերցնելու պատճառը։

– Պատճառները կարող են լինել բազմաթիվ, բայց առնվազն ընդգծեմ այն, որ Արմեն Դանիելյանի դեպքում դատարան, արդարադատություն և վերաքննության համար նման կարևրագույն պարտադիր բաղադրիչները չեն պահպանվում, ոչ էլ հնարավոր է դա ակնկալել։ Այսինքն, երբ ներկայացվում է վերաքննիչ բողոք, ակնկալիքը լինում է արդարադատության իրականացում։ Դանիելյան Արմենն արդեն իսկ մեկ տարի առաջ իր բոլոր հնարավոր գործիքակազմը՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումների համար, իրացրել է։ Մեկ այլ գործով ևս՝ մարտի 1 քրեական գործի հատորները ստանալու վերաբերյալ, նորից մակագրվել էր Դանիելյան Արմենին։ Ի դեպ, այս գործով դատախազները երկու անգամ են վերաքննիչ բողոք ներկայացրել, երկու անգամներն էլ դրանք մակագրվում էին Արմեն Դանիելյանին, իսկ արդյունքները մշտապես կանխատեսելի էին։ Այս պայմաններում ակնկալել արդարադատություն, ուղղակի հնարավոր չէ։ Դրա համար, այո՛, մեր կողմից եղել է որոշում հետ վերցնել վերաքննիչ բողոքները։

– Դիմումները հետ վերցնելու հիմքում նշվա՞ծ են այս պատճառները։

– Հիմքերի մասով կարող եմ պարզապես ասել, որ դա մեր դատավարական իրավունքն է, որից օգտվում ենք։

– Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը, որ արդեն երրորդ անգամ մակագրվում է Արմեն Դանիելյանին, միտո՞ւմ կա։

– Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը տվել է բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ ամիսներ առաջ, երբ հիշատակել էր, որ իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները լինեն Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի պես։ Այնպես է ստացվել, որ երկու ամիս Աննա Դանիբեկյանի բացակայության պայմաններում, ոչ մի այլ դատավորի չմակագրվեց, կարծես թե կրկին ԲԴԽ հայտարարությունը ապագան կանխատեսողն էր։ Մնաց ինչպես Դանիբեկյանի մոտ, այնպես էլ այս պարագայում՝ կրկին Արմեն Դանիելյանին մակագրվեց։

Շատ հետաքրքիր զուգադիպություն է։ Նկատեք, որ անձնական երաշխավորության վեաբերյալ հարցերը վերաքննիչ քրեական դատարանի 18 դատավորներից արդեն երկրորդ անգամ մակագրվում է հենց Արմեն Դանիելյանին։ Առնվազն իմ կարծիքով, պատճառն այն է, որ այլ դատավոր պարզապես չի կարող մերժել բողոքը։ Մի դեպքում խոսքը գնում էր Արցախի երկու նախագահների մասին, այս դեպքում՝ չորս վարչապետների։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մակագրվում է նորից Արմեն Դանիելյանին։

– Իսկ գուցե դատավոր Դանիելյանն ա՞յլ որոշում է կայացնում, ինչո՞ւ եք կանխակալ, որ մերժելու է բողոքը։

– Այստեղ կան մի քանի հանգամանքներ․ առաջինը՝ մեկ տարի առաջ կայացրեց որոշում, որտեղ այնպիսի իրավունքների խախտումներ թույլ տրվեցին, որոնք աննախադեպ էին՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի մասով, թե՛ պաշտպաններին խոսքից զրկելու մասով։ Եվ առհասարակ, Արցախի Հանրապետության երկու նախագահների երաշխավորությունը պատշաճ չդիտարկելը, կարծում եմ, ոչ միայն իրավական, այլև բարոյական լուրջ հետևանքներ ունեցավ։ Երկրորդը․ կարծում եմ, որ պարզապես helpcourt համակիարգից կարելի է օգտվել և տեսնել Դանիելյան Արմենի վարկանիշը։ Կան շատ այլ հանգամանքներ, որոնք, ըստ էության, բերում են նրան, որ արդար դատաքննության իրավունք, արդար դատարան ուղղակի հնարավոր չէ ակնկալել։ Այս պարագայում մակագրումը, կարծում ենք, շատ կասկածելի է։

– Ստացվում է՝ որոշել եք հաշտվե՞լ առաջին ատյանի դատարանի որոշման հետ և վերաքննիչ ճանապարհով չգնա՞լ։

– Ես նման կերպ չէի ձևակերպի, պարզապես կասեի, որ մենք այս պահին որոշում ենք կայացրել դիմումով մեր վերաքննիչ բողոքները հետ վերցնել։

– Իսկ դատավոր Դանիելյանին ինքնաբացարկի հիմք չկայի՞ն։

Հիշեցնեմ, որ մարտի 1-ի քրեական գործի բոլոր հատորները մենք պահանջել էինք տրամադրել, մերժվել էր ՀՔԾ-ի կողմից, ինչն առնվազն լուրջ կասկածների և որոշ հանգամանքներ թաքցնելու հետևության հիմք է: Այնուհետև առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեր այդ պահանջը։ Դատախազությունը վերաքննիչ բողոքել էր, որը «պատահմամբ» մակագրվել էր Արմեն Դանիելյանին։ Այդ ժամանակ Հովհաննես Խուդոյանը և ես ներկայացրել էինք ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն։ Կարծում եմ՝ դրա վերաբերյալ պատասխանը կանխատեսելի էր․ մերժվել էր ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։

– Ձեր վստահորդի շահերը ձեր այս քայլով արդյո՞ք չեն վնասվում։

– Հետ վերցնելու վերաբերյալ դիմումը պաշտպանների և պաշտպանյալի համատեղ ստորագրությամբ է արվում և դրան պետք է հաջորդի անհապաղ դատավարական որոշում։