Ռուսամետ Վաղարշակին փոխարինում են թուրքամետ Արշակով

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020թ. նոյեմբերի 20-ին՝ պատերազմից անմիջապես հետո, այդ պաշտոնում փոխարինելով Դավիթ Տոնոյանին: Թե ինչով է պայմանավորված Հարությունյանի հրաժարականը, չեն հաղորդում՝ ոչ կառավարությունից, ոչ պաշտպանության նախարարությունից, սակայն դատելով նրան փոխարինողի թեկնածությունից, կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ ռուսահպատակ Հարությունյանին փոխարինում է մեկով, ով սերտ շփումներ ունի ոչ միայն ռուսական գեներալիտետի, այլ, որ հատկապես կարեւոր է՝ թուրքական գեներալների հետ։ Խոսքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի մասին է, ի դեպ, դեռեւս այս տարվա հունիսի 30-ին մենք գրել էինք, որ Փաշինյանի ընտրությունը Կարապետյանի վրա է կանգ առել։

Արշակ Կարապետյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։
2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, նրան վարձահատույց էին եղել Մարտի 1-ի գործով, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար:

Մեր տեղեկություններով, ռուսական հատուկ ծառայությունները տարիներ առաջ արձանագրել են Կարապետյանի Մոսկովյան հանդիպումները՝ տեսանյութեր կան, թե ինչպես է նա Մոսկվայում հանդիպում ազգությամբ թուրք գեներալների հետ։ Այդ փաստերի մասին տեղեկացված է նաեւ ՀՀ իշխանությունը։ Կարապետյանը, ասում են՝ չի էլ թաքցնում, որ շփումներ ունի թուրք գործընկերների հետ եւ հայտարարում է, որ դա պետության շահերից է բխում։ Փաստորեն, մի օր պետք եկան այդ շփումները։

Hraparak.am