20 Հուլիսի, 2021
Գիշերը շատ ահավոր էր, քնած էինք, զանգեցին բարեկամները, ասեցին՝ երեխեքին քնից հանեք, հեսա գալիս ենք ձեզ տանենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երասխ գյուղի բնակիչներից Սվետլանա Գրիգորյանը:

Ահավոր կրակոցներ էին, մեկ-մեկ շտապօգնության մեքենայի ձայն էր լսվում: Հարեւաններով հավաքվել ենք, գիշերվա սարսափներն ենք իրար պատմում: Անընդհատ զանգում էին հարազատները, հարցնում՝ ոնց է վիճակը, լացում էինք:

Ani Product

Հետո մի քիչ հանգստացավ վիճակը, էլ դուրս չեկանք, մնացինք: Երեւի մինչեւ գիշերվա երեքը կրակում էին: Կրակոցները կարմիր լույս էին արձակում, երեւում էր, որ երկու կողմերից լույսերը գնում են: Երկու կողմից կրակում էին, տպավորություն էր, որ պատերազմը սկսվել է: Սալյուտի պես էր: Մենք հագնված, վեշերով պատրաստ էինք, որ բարեկամներից պետք է գան, տանեն, բայց որ մի քիչ հանգստացավ վիճակը, ասացի՝ մի եկեք»,-ասաց Սվետլանան:

Ani Product

Նա հավելեց, որ ժամը գիշերվա 3-ից հետո հանգիստ է վիճակը. «Հատուկենտ կրակոցներ լինում են, բայց ինտենսիվ կրակահերթեր չկան: Առավոտյան իմացանք, որ մեր գյուղապետն է վիրավոր, ավելի մանրամասն ոչինչ չգիտեմ:

Ով մոտիկ էր դիրքերին, իրենք երեխաներին հանել են: Տուն կա 20 մետրի վրա է սահմանից, պարզ է, որ նրանք դուրս էին եկել, իսկ մենք մի քիչ հեռու ենք: Սպասում էինք, որ մի բան մեր գլխին ընկներ, որ նոր դուրս գայինք:

Հիմա էլ մեքենաներով պատրաստ սպասում ենք, որ դուրս գանք, բայց գնալու տեղ էլ չունենք: Այո, կարող ենք մի երկու օրով գնալ բարեկամի տուն, բայց սա երկու օրվա հարց չի: Սա այնպիսի հարց է, որ պետք է լուծվի՝ մնալու է՝ մնանք, դուրս գալու է՝ դուրս գանք: Ուր փախչենք, իրենց կրակած զենքերը կարող են հասնել Երեւան»,-ասաց Երասխի բնակիչը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Կիսվեք նյութով՝

Լրահոս