16 Մարտի, 2017

Այս տարի Տերը բարեհաճ չէ իր խոնարհ ծառա Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Նա ամեն կերպ ջանում է կարգուկանոն մտցնել հասարակական պահպանության հարցում, մարզեր է մեկնում, ներշնչող ձայնով ու միայն իրեն հատուկ առոգանությամբ ճառեր է ասում, հասկացնում, որ հարցերն օրենքի շրջանակում է լուծելու, որ խիստ է լինելու, որ ոստիկանները պարտավոր են պահպանել օրինականությունը եւ անգամ կանխել ընտրակաշառքի դեպքերը: Բայց թարսի պես՝ ուր գնում է դաստիարակչական այցերի, այնտեղ մի տհաճ միջադեպ է գրանցվում, մի կռիվ-կրակոց, ծեծուջարդ:

Ani Product

Փետրվարի կեսին ոստիկանապետը գնացել էր Արարատի մարզ, մարզպետի ներկայությամբ ցուցումներ ու հրահանգներ էր տվել մարզային վարչության աշխատակիցներին: Սրանից ընդամենը մի քանի օր անց Մասիսում բախումներ գրանցվեցին ՀՀԿ-ականների միջեւ: Սրան նախ քաղաքական աստառ տվեցին՝ ՀՀԿ-ական թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի թիմակիցների միջեւ ծեծուջարդ եղավ, իբր, շտաբներ բացելու համար: Արայիկ Գրիգորյանը Մուրադի տարածքում էր շտաբ բացել, եւ վերջինիս տղաները ծեծուջարդ կազմակերպեցին, մարդ վիրավորվեց: Այլ վարկածով, որը նաեւ հաստատվեց պաշտոնապես, կռիվը կենցաղային հողի վրա էր եղել, «24-ամյա Աբրահամ Ադամյանին դանակահարել է համագյուղացին, միջկուսակցական հակամարտություն չի եղել»,- հաղորդել էր ոստիկանությունը: Պատճառն էլ, ըստ լուրերի, հայկական ավանդական հայհոյանքն է եղել՝ հարբած վիճակում:

Ani Product

Իսկ մարտի 4-ին Արտաշատում ՀՀԿ նախընտրական շտաբի առջեւ երկու զինված երիտասարդներ էին իրար ծեծել: Նրանցից մեկն Արայիկ Գրիգորյանի մարդկանցից էր, մյուսը Հանրապետականի Արարատի տարածքային խորհրդի նախագահ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդի որդին է եղել: Եղան հրապարակումներ, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ քաղաքական ենթատեքստ չկա: «Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդն անհանգստացնում է իրեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ոստիկանապետի մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը:

Մարտի 11-ին Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Արմավիրի մարզ, վարչությունում տեղը տեղին խորհրդակցություն էր անցկացրել, զենքի ապօրինի կիրառման դեպքերը, արատավոր երեւույթները վերացնելու մասին խրատական ելույթներ ունեցել՝ եւ ոչ միայն իր աշխատակիցների, այլեւ համայնքների ղեկավարների հետ: Չէր հասցրել ոտքը քաշել, մեկ էլ՝ մարտի 13-ի գիշերը Ջրառատի դեպքերը եղան՝ կրակոցներով ուղեկցվող «ռազբորկաներ», ընտրարշավի եկած Սեյրան Օհանյանի թիմակիցների եւ Վլադիմիր Գասպարյանի տեղակալի եղբոր՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ, ում ծառայողական լիազորությունները Սարի թաղի դեպքերից հետո կասեցվել էին, հետո ապակասեցվեցին: Երանոսյանը վիրավոր է եւ գտնվում է հիվանդանոցում:

Նա միակն է, ով բողոք է ներկայացրել այս դեպքում: Ջրառատում, որը Երանոսյանների գյուղն է համարվում, այնքան մեծ է ոստիկան եղբայրների ազդեցությունը, որ մեկ օր անց էլ կրքերը դեռ եռում էին: Թեժ մարտերում վիրավորվել էին Օհանյանի մարդիկ՝ Արայիկ, Մելիք եւ Հակոբ Մելքոնյանները: Նրանք, սակայն, ցուցմունք չեն տալիս ու բողոք էլ չեն ներկայացրել:

Դեռ անցյալ տարվա սեպտեմբերից՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ էր ծայր առել ներկայիս գյուղապետ՝ Լեւոն Երանոսյանի քրոջ որդի Սամվել Գալստյանի եւ տուժող Հակոբ Մելքոնյանի թշնամությունը: Նրանք մրցակիցներ էին, եւ հիմա Մելքոնյանների եւ Երանոսյանների տների մոտ ոստիկաններ են կանգնած՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության մամուլի պատասխանատուն էլ խոստանում է, որ Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում եւ այլն, բայց ոչ մի բառ այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում ոստիկանների «բեսպրեդելը» սանձելու համար:

Փաստ է, որ Գասպարյանի բարոյախրատական այցերը միայն ավելի են թեժացնում նախընտրական լարված իրավիճակը: Մարտի 2-ին նա այցելել էր Արագածոտնի մարզ, թեժ դեպքերից հետո՝ այս անգամ մեկ օր ուշացումով: «Ռազբորկան» այստեղ տեղի էր ունեցել մարտի 1-ին: Ընդհարվել էին ՀՀԿ-ական թեկնածու Արագած Ախոյանը եւ «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Խաչիկ Մանուկյանը: Մարտի 10-ին էլ Գասպարյանը Շիրակի մարզ էր այցելել: Տեսնենք, թե այս անգամ ինչ կլինի:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս