Փաշինյանն Ալիևին խոստումներ ունի տված. «Ժողովուրդ»

Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենեւին չի պատրաստվում: Ավելին՝ նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցը երեկ տեղի ունեցած միջադեպն է: Մասնավորապես, երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ անհետ կորել է երկու զինծառայող, որոնք եղել են առանց զենքի: Եվ մինչ թշնամին Հայաստանի սահմաններին է, իշխանությունները զբաղված են Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հաշվեհարդարներով: Քաղաքական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո, եւ ի՞նչ ունենք 3 շաբաթ անց. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է, միջնորդություն է ներկայացվել նաեւ Մեղրու համայնքապետի տեղակալին եւ համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Երեկ էլ պարզ դարձավ, որ թիրախում է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի բաժնետեր Վահե Հակոբյանը հանդիսանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, որի անդամներն են համայնքապետերը։ Իսկ թե ինչու է Հայաստանում տիրում այս իրավիճակը, դժվար չէ կանխատեսել: Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածվում են խոսակցություններ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, եւ դեռ ՍԴ վճիռը չկայացված՝ շնորհավորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տված:

Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչեւ Սյունիք տեղակայելն է, երկրորդը՝ պետք է իրականացնի սահմանազատում եւ վերջնականապես լուծի անկլավների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծվաշենի փոխարեն եւ այլն ու դրանով վերջնականապես փակելով նաեւ Արցախի թեման: Եվ երրորդ՝ նա պարտավորություն ունի կոմունիկացիաները բացել եւ կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, եւ դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը:

Եվ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիեւը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրագործել: Ու այսքանից հետո հարց է առաջանում. եթե Փաշինյանն այսքան սիրով եւ հանդուրժողականությամբ կատարում է Ալիեւի պահանջները, ապա մոտ 5 հազար զոհ ու հազարավոր անհետ կորածների կյանքը հանուն ինչի՞ զոհաբերվեց:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: