19 Դեկտեմբերի, 2019

 «Փաստ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ հայտարարություններում ընդգծում է, թե ժողովուրդը իշխանության միակ և անփոխարինելի բացառիկ աղբյուրն է, իսկ իրենք էլ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններն են, որ աշխատում են ժողովրդի շահերն առաջ տանելու նպատակով:

Ani Product
Ani Product

Սակայն ժողովրդից եկող պահանջները իրականություն դարձնելու համար կառավարությունը պետք է թափանցիկ աշխատի ժողովրդի հետ, բայց արդեն պաշտոններում տաքուկ տեղավորված և իրենց ժողովրդի իշխանություն հռչակած ՔՊ-ականները ցանկություն չունեն բաց և թափանցիկ աշխատել հանրության հետ և առաջնահերթ սպասարկել հասարակության շահերը:

Խնդիրն այն է, որ կառավարությունը շատ հարցերում հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը, այնինչ Փաշինյանն իր հանրահավաքներում հայտարարում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, և ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ ապագա է սպասվում մեր երկրին:

Թերևս դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանը իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների Ագորան:

Ուշագրավ է, որ ներկայիս կառավարության շռայլ ծախսերի մասին քաղաքացիները տեղեկանում են միայն մամուլում շրջանառվող տեղեկություններից, և միայն դրանից հետո է, որ կառավարությունը շտապում է պարզաբանումներ տալ և փորձել հիմնավորել իրենց կողմից կատարված շռայլությունները:

Այդպես եղավ նաև նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացնելու դեպքում։

 Երբ հանրությունը տեղեկացավ այդ մասին մամուլից, դրանից հետո միայն Փաշինյանի թիմը բարեհաճեց հանրությանը ներկայացնել որոշակի հիմնավորումներ, թե ինչի համար է գնացել այդ քայլին:

Իշխանությունները հանրային միջոցները ծախսում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Եվ տպավորություն է ստեղծվում, թե իրենք դուրս են հանրային վերահսկողությունից:

Կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ առանց որևէ լուրջ անհրաժեշտության ահռելի գումարներով վերանորոգել է կառավարական առանձնատունը, 55 մլն դոլար հատկացրել է նոր ինքնաթիռ ձեռք բերելու համար, գնել է 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի գինը, ըստ մամուլի հրապարակումների, 550.000 դոլար է:

Եվ սա բավարար չէ, հիմա էլ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից պարզվում է, որ պետական պահպանության ծառայության միջոցներով վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության, 27 հազար դոլար արժողությամբ Nissan X Trail մակնիշի ամենագնաց։

Այդ լուրը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հերքել և նշել է, որ Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։

Իրականում անվտանգության մասին ոչ ոք ոչինչ չի ասում:

Մարդիկ իրավունք ունեն ու հարցնում են՝ ինչու եք նոր մեքենա գնել…

Այստեղ խնդիրն այն չէ, թե կառավարության ծախսերը օրենքին համապատասխանում են, թե ոչ, այլ այն, թե արդյոք հանրության շահերից է բխում, որ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող մեր երկրում կառավարությունը շատ ճոխ ծախսեր է կատարում, որի հիմնական շահառուները իշխանական շրջանակներն են՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ և այլն:

Արդյունքում պաշտոնյաների ու նրանց մերձ փոքր շրջանակների կյանքի որակը բարձրանում է, ինչպես և նախկինում էր, իսկ ժողովրդի սոցիալական դրությունը շարունակում է մնալ նույն կերպ:

Ճիշտ է՝ Փաշինյանին թվում է, թե իրենք շատ մեծ գործ են անում պետության համար, այդ նպատակով էլ արժանի են բարձր վարձատրություն ստանալու, սակայն հաշվի չի առնում, որ ժողովրդի համբերության բաժակը մի օր կարող է լցվել, և հանրության վստահությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի կամ կուսակցության նկատմամբ հարաբերական երևույթ է:

Սրանում մենք արդեն համոզվել ենք: Եթե այսօր որևէ կուսակցության կամ գործչի վարկանիշը բարձր է, ապա ժողովրդի վստահությունը չարաշահելու դեպքում այդ վարկանիշը շատ արագ կարող է փոշիանալ, ինչի գործընթացին ականատես ենք լինում արդեն մեկ տարի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս