«Փաստ». Թեկուզ մի քանի ամիս հետո, ՍԴ-ի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա «ԱՅՈ»-ն չի կարող հավաքել սահմանված 650 հազար ձայնը

3
«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակի տարածումը, որը լուրջ խնդիրներ է ստեղծել երկրի համար։ Բացի այն, որ վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, տնտեսությունը լուրջ վնասներ է կրում ստեղծված իրավիճակի արդյունքում։ Ստեղծված իրադրության պայմաններում դեռևս վաղ է լավատեսական կանխատեսումներ անելը։ Սակայն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ կարող են լինել։ Եվ իշխանությունները հանրությանը սկսել են նախապատրաստել, որ կորոնավիրուսի վարակման վտանգը կարող է տևել մեկ տարի և ավելի, ուստի, ըստ նրանց, պետք է համակերպվել և գործունեություն ծավալել այդպիսի պայմաններում։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ համավարակի և արտակարգ դրության հայտարարման պարագայում առկախվեց իշխող ուժի համար մի գերկարևոր գործընթաց։ Բոլորս էլ հիշում ենք, որ ապրիլի 5-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով խնդիր էր դրված փոխել Սահմանադրական դատարանի գործող կազմը։ Ու հանրաքվեի անցկացման կարևորությունը հիմնավորվում էր նրանով, թե այդ հարցում ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը, քանի որ ի վերջո իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Մի կողմից էլ նպատակ կար, որ եթե հանրաքվեից հետո ՍԴ-ում կատարված փոփոխությունների շուրջ իրավական խնդիրներ առաջանային, ապա ամբողջ պատասխանատվությունն իշխանությունները կարող էին գցել քաղաքացիների վրա։ Եվ վերջապես իշխանությունները հանրաքվեի արդյունքում կարող էին հասկանալ, թե որքանով է նվազել իրենց վարկանիշը հանրության շրջանում։ Բայց հանրաքվեն այդպես էլ չկայացավ։

Եվ այն պայմաններում, երբ հա5մավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում արդյունավետ և գրագետ պայքար մղել, որի արդյունքում վատացել է երկրի սոցիալտնտեսական իրավիճակը, իշխող ուժի համար պետք է պարզ լինի, որ եթե առաջիկայում, թեկուզ մի քանի ամիս հետո, ՍԴ-ի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա ազատ ու անկախ քվեարկության պարագայում «ԱՅՈ»-ն չի կարող հավաքել սահմանված 650 հազար ձայնը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: