16 Նոյեմբերի, 2019

 ը«Փաստ» թերթը գրում է.

«Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ՍԴ-ն պահպանում է իր անկախ կարգավիճակը, իսկ դատավորներն էլ մտադիր չեն հրաժարական տալ եւ հեռանալ։

Ani Product
Ani Product

ՍԴ անդամների եւ մասնավորապես Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներն էլ արդյունք չեն տալիս, քանի որ հանրային տարբեր շրջանակներ իշխանություններին մեղադրում են, որ նրանց կողմից անկախ դատական համակարգի վրա բիրտ ճնշումներ են գործադրվում, որն օրենքով պատժելի է եւ հետագայում կարող է վատ անդրադառնալ նրանց պաշտոնավարման եւ հետպաշտոնավարման վրա։

Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը կոշտ գնահատականներ է հնչեցնում իշխանությունների հասցեին։

Հիշենք ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ ՍԴ-ի ու ընդհանրապես դատարանների նկատմամբ ճնշումներից։

Եվ քանի որ ճնշումների միջոցով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի, հիմա էլ կառավարության կողմից մեջտեղ է բերվում ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» տարբերակը։

Այդ օրենսդրական փաթեթով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ, դրա համար էլ ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու ձեռնտու տարբերակին։

Սակայն այս հարցը նաեւ վերաբերում է դատավորների հեղինակությանը, դրա համար էլ նրանց մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը եւ չի պատրաստվում թոշակի գնալ։

Եվ, ամենայն հավանականությամբ, դատավորներին «պատվավոր թոշակի» ուղարկելու տարբերակն էլ չի աշխատի, դրա համար էլ իշխանությունները դիտարկում են նաեւ ՍԴ-ն վերակազմավորելու եւ, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի հետ միավորելու ու նոր Բարձր դատարան ձեւավորելու տարբերակը։

Ե՛վ գլխից կազատվեն, եւ՛ գլխացավանքից: Ընդ որում, խոսքն այս պարագայում կվերաբերի ոչ միայն Բարձր դատարանին, այլեւ ընդհանրապես ողջ դատական համակարգին:

Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ ՍԴ-ի եւ Վճռաբեկի գործառույթները իր մեջ ներառող գերագույն դատարան, ինչպիսին ԱՄՆ-ում է։

Սակայն այս օրենսդրական նախագիծը առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ կյանքի կոչել, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը, որտեղ ՍԴ-ն ներկայացված է որպես առանձին դատական մարմին, որին վերապահված է սահմանադրական արդարադատության իրականացումը։

Փաստորեն, իշխանությունների համար մնում է միայն մեկ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների իրականացում ու դրա միջոցով ՍԴ-ի վերակազմավորում, սակայն այս հարցում էլ իշխանություններին մեծ դժվարություններ են սպասվում։

Սահմանադրական փոփոխությունների իրականացումը մեծ ռեսուրսներ խլող եւ ժամանակատար գործընթաց է։

 Այն երկար մշակման գործընթաց պետք է անցնի, ապա դրվի հանրային քննարկման եւ հետո նոր միայն հանրաքվե անցկացվի այդ հարցով, սակայն, ինչպես տեսնում ենք, գնալով՝ տարբեր պատճառներով պայմանավորված՝ իշխանության վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, ուստի շատ մեծ հարցականի տակ է՝ արդյոք հանրաքվեի արդյունքում հնարավոր կլինի՞ իշխանության ներկայացրած Սահմանադրության տարբերակն անցկացնել, թե՞ ոչ։

Այնպես որ, նույնիսկ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը դեռեւս չի նշանակում, որ ՍԴ-ն վերակազմավորելու իշխանական ծրագրերի դրական ելքն արդեն ապահովված է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս