Քաղաքական գործչից մինչև կոմերսանտ

2

«Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր անսպասելի հայտարարություն է արել: Նա ասել է, թե չի բացառում, որ հետագայում իրենց դաշինքը խորհրդարանում կարող է համագործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ: «Եթե մայիսի 18-ի, ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, ուրեմն մենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, կառաջարկենք մեր ծրագրերը, պատրաստ կլինենք նաև իրենց ծրագրերը քննարկել»,- նշել է Մարուքյանը:
«Ելքի» այս դիրքորոշումը մենք գնահատում ենք անսպասելի` հաշվի առնելով այն տրամադրությունները, կարծիքները և հայտարարությունները, որ նրանք հնչեցնում էին խորհրդարանական ընտրությունների շրջանում: Այդ ժամանակ ոչ միայն մեկը մյուսի ետևից այրվում էին շփման բոլոր կամուրջները, այլև «Ելքի» համար «Ծառուկյան» դաշինքն այլ բան չէր, քան ալտերնատիվ ՀՀԿ: Սա նրանց բորոշումն է, ինչպես որ նրանց հարցադրումն էր, թե 2014-2015-ին ո՞ւր էր Ծառուկյանը, ո՞ւր էր նրա ընդդիմադիր լինելը, և հենց «Ծառուկյան» դաշինքի ուժերի թողտվության պատճառով է, որ ՀՀԿ-ն վերարտադրվել է: Իսկ Նիկոլ Փաշինյանը նույն օրերին համոզմունք էր հայտնում, որ «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո 95 տոկոսով ֆորմալ կամ ոչ ֆորմալ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ:

Ահա նման վերաբերմունքից հետո այսօրվա կտրուկ շրջադարձն իրոք պիտի զարմանք հարուցի: Բայց զարմանքն անմիջապես մի կողմ է մնում, երբ հասկանալի է դառնում «Ելքի» գլխավոր շարժառիթը: Նույն Մարուքյանն իր բոլոր մտքերն արտասանելուց հետո հավելում է, որ միավորման դեպքում «Ելքն» ու «Ծառուկյանը» խորհրդարանում կունենան 40 մանդատ: Այսինքն, մի պարզ թվաբանություն կամ, այլ կերպ ասած` կոմերսանտի մոտեցումը մի կողմ է նետում քաղաքական դիրքորոշումը` իր տեղը զիջելով սառը հաշվարկների վրա կառուցված պահանջներին: Ծառուկյանը լավն է, եթե իր մանդատները միացնի «Ելքին», և Ծառուկյանը վատն է, եթե այդ բանը չանի:

Աղբյուրը՝ Shame.am