Քիչ առաջ բանտից դուրս է եկել Վազգեն Խաչիկյանը. Նա գնում է Սերժ Սարգսյանի մո՞տ. armtimes.com

1

Քիչ առաջ Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Խաչիկյանը բանտից դուրս գալուց անմիջապես հետո մեկնել է Երեւան:

Armtimes.com-ն այս պահին փորձում է կապ հաստատել Խաչիկյանի հետ, վերջինս սակայն հեռախոսազանգերին չի պատասխանում: Խաչիկյանի եղբորը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին, մեր թղթակիցն այսօր տեսել է Լոռու մարզպետարանի դիմաց, մարզպետարան անընդհատ մուտք ու ելք անելուց: Թե ինչու է Խաչիկյանը գալիս Երեւան, հայտնի չէ: Նշենք, որ նրա ընտանիքը բնակվում է Ախթալայում: Չի բացառվում, որ նա ցանկանում է առաջին հերթին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին իրեն ներում շնորհելու համար:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ. Վազգեն Խաչիկյանին եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների. Ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի `29 միլիոն ՀՀ դրամ գումար: