17 Հունիսի, 2020

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածագիր Յուրի Սիմոնյանը ծավալուն  հոդվածով անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Հեղինակը հիշեցնում է, որ ԱԺ 87 պատգամավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարին զրկել է անձեռնմխելիության իրավունքից:

Սիմոնյանը նկատում է, որ օլիգարխին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է նրա աջակիցների կողմից փողոցային բողոքի ակցիաների իրականացման ֆոնին:

«Նրանք հիմնականում օլիգարխի ձեռնակությունների աշխատողներն էին: Կեսօրին Երևանի ոստիկանությունը բերման էր ենթարկել արդեն հարյուրից ավելի մարդու, այդ թվում՝ հայտնի մարզիկների: Խոսքը, մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Ամոյանի մասին է»,-գրում է հեղինակը՝ բողոքի ակցիային մարզիկների մասնակցությունը բացատրելով նրանով, որ Ծառուկյանն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է և, բացի այդ, հաճախ անձամբ է ֆինանսավորում մարզիկների մասնակցությունը տարբեր մրցումներին:

Սիմոնյանը նշում է, որ մինչ Ծառուկյանի աջակիցներն աղմկում էին փողոցում, նա, ելույթ ունելով ԱԺ ամբիոնից,  ևս մեկ անգամ հայտարարել է, որ «կառավարությունն ամբողջական կազմով ձախողել է և հանուն Հայաստանի ներկայի ու ապագայի պետք է ամբողջական կազմով  հրաժարական տա»:

«Այսպիսով՝ նա կրկնեց իր այն հայտարարությունը, որից էլ սկսվեցին բոլոր խնդիրները»,-գրում է հեղինակը՝ ուշադրություն դարձնելով Ծառուկյանի ելույթի այն հատվածին, որում նա գործող իշխանությանն ընդամենը «երկու-երեք ամիս» ժամանակ է տվել:

«Չի կարելի  երկիրը կառավարել Facebook-ի, դրա ֆեյքերի և հատուկ վարձված մարդկանց կողմից արվող գրառումների միջոցով: Պետք է քայլ անել դեպի իրական կյանք ու տեսնել՝ ինչ է կատարվում, ինչպես է ժողովուրդն ապրում: Երկու տարի առաջ խոստումներ են տրվել և ոչինչ չի արվել, իսկ եղածն էլ քանդվել է», –ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ գործող իշխանություններին երկու-երեք ամիս է մնացել:

Այնուհետև Սիմոնյանը մեջբերում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի տեսակետը, ըստ որի՝ «2018թ. օլիգարխիկ ռեժիմին փոխարինելու եկած ամբոխի կամ փողոցի իշխանությունը հարստանալու խնդիր ունի և դրան խանգարում է խոշոր կապիտալը»: Թևանյանի կարծիքով՝ Ծառուկյանի դեմ հարձակումն ուղղված է մասնավոր կապիտալի գրավմանը:

«Իշխանությունները փորձում են վերաբաշխել կապիտալը՝ դա որակելով որպես կոռուպցիայի դեմ պայքար: Փաշինյանը հանրային ցնցումների է գնում հանուն կապիտալի կուտակման, ինչը կարող է տարածքների և նույնիսկ պետականության կորստի հանգեցնել»,-ասել է քաղաքագետը:

Թևանյանի կարծիքով, եթե «Փաշինյանին հաջողվի խոշոր կապիտալի հախից գալ, ապա նա անցում կկատարի միջինին և մանրին: Աղքատները կսկսեն ավելի վատ ապրել և կկերակրվեն սոս անընդմեջ «լայվերով»»:

Հոդվածագիրն այս թեմայով զրուցել է վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ: Վերջինս նկատել է, որ Ծառուկյանի դեմ պաշտոնապես մեղադրանքների առաջադրմանը նախորդել էր նրա մասնակցությունն ընդդիմության կոնսոլիդացման գործընթացում:

«Այսպիսի մարտավարությունը Փաշինյանին և իր աջակիցներին անվիճելի հաջողություն կբերեր մեկուկես-երկու տարի առաջ, երբ նա ուներ հանրության ահռելի զանգվածի աջակցությունը: Իսկ այժմ Ծառուկյանի դեմ գործողությունների վերաբերյալ գնահատականները ոչ միանշանակ են: Ոմանք դա մեկնաբանում են որպես երկար սպասված վճռակության դրսևորում և հին համակարգի դեմ պայքարում անզիջում դիրքորոշում, մինչդեռ քաղաքացիների մյուս մասն էլ, որը նույնիսկ չի էլ համակրում Ծառուկյանին, տեղի ունեցածը գնահատում է իշխող քաղաքական ուժի իշխանության պահպանման նպատակով պետական ճնշումների ուժեղացում», պարբերականի հետ զրույցում ասել է Նավասարդյանը:

 

kotayk

Լրահոս