28 Փետրվարի, 2017

Այնպիսի աղետալի գահավիժում, որ ընդամենը հաշված ամիսների ընթացքում ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, քչերին էր վիճակվել: Ինքնավստահ, ամենակարող, կռվարար Թոխմախի Մհերը հիմա դարձել է անվնաս ու լռակյաց մի մարդ: Եթե հարց են տալիս, անմիջապես զգուշանում է, գտնում է այնպիսի բառեր, որոնք իրեն հարվածի տակ չեն դնի, թեև բոլորովին էլ սրտից չեն բխում: «Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել: Ոչ մեկի հետ չեմ հանդիպում, չեմ խոսում: Էն տարիքին եմ հասել, որ էլ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել»,- ասում է նա` մոռանալով, որ մի քանի ամիս առաջ էլ էր ճիշտ նույն տարիքի, սակայն սարսափելի ուժգին էր ուզում թե՛ իշխանություն, թե՛ քաղաքականություն:

Այն, որ Սեդրակյանը խիստ է վիրավորված կուսակցական ընկերներից, դա իսկույն աչքի է զարնում, և այստեղ նույնիսկ բառերն էլ նրան օգնության չեն հասնի: Բայց ամենամեծ ցավը նրան պատճառում է հարազատ տիրույթների անվերադարձ կորուստը: Ու հենց այս թեման է, որ բորբոքում է նրա բոլոր կրքերը, և Թոխմախի Մհերն այլևս ի զորու չէ բառային ընտրություն կատարել: Էրեբունի վարչական շրջանում իր «թագավորության» անկման մասին հարցին ի պատասխան Սեդրակյանն արձագանքում է. «Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վերցնի»:
Հավանաբար այսպիսի արտահայտություն վերջին անգամ իրեն թույլ էր տվել արտասանել Մենուայի որդի Արգիշտի արքան: Ու թեև արքայից ոչինչ չէին «վեկալել», սակայն «վեկալում են» այն, ինչը քո սեփականն է: Եվ Թոխմախի Մհերն էլ փաստորեն մինչ օրս հենց այդպես էր մտածել, թե մի ամբողջ թաղամաս իր մասնավոր սեփականությունն է, որ անարդարաբար խլել են իրենից: Բայց քանի որ Թոխմախի Մհերը, ի տարբերություն Արգիշտիի, աշխարհի տերն ու տիրակալն է, ապա, իրոք որ, Էրեբունին տարան, բայց հո ամբողջ Մհերական աշխարհն էլ չե՞ն տանելու:

Shame.am




kotayk

Լրահոս