15 Հուլիսի, 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն օրերս պարգևատրվել էր Անանիա Շիրակացու մեդալով:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ ճարտարապետին և նրան հանձնել պետական բարձր պարգևը: «Ինձ համար մեծ պատիվ է մեր ժողովրդի և պետության կողմից Ձեզ այս մեդալը հանձնելը, որովհետև Ձեր ներդրումը մեր մշակույթի, ճարտարապետության մեջ հսկայական է,- նշել է նախագահ Սարգսյանը: -Այն ճարտարապետությունը, որը Ձեր ողջ կյանքի ընթացքում ներկայացրել, քարոզել եք, շատ ներդաշնակ է մեր ազգային ճարտարապետությանը: Այնպես որ, այն, ինչ Դուք արել եք, հսկայական արժեք ունի»:

Սաշուր Քալաշյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր անցած ճանապարհն արժևորելու համար: «Ճարտարապետությունն ազգային մշակույթի դիմագիծն է, և այդ մշակույթի, ճարտարապետական ժառանգության պահպանումը մեզ համար առաջնային է»,-ասել է նա:

Նախագահ Սարգսյանն ու Սաշուր Քալաշյանն անդրադարձել են պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ ճարտարապետական հուշարձանների պահպանմանը, դրանց նկատմամբ հոգածության կարևորությանը՝ hամակարծիք լինելով, որ ազգային յուրօրինակ ժառանգության պահպանումը նույնպես մշակույթ է:

Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Ծիծեռնակաբերոդում գտնվող՝ Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է։ Նրա համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի շենքերը Գյումրիում, որի գլխավոր ճարտարապետն է եղել երկար տարիներ։

 

kotayk

Լրահոս