16 Մարտի, 2021

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ում են ձեռնտու արտահերթ ընտրությունները

Երբ գրեթե բոլորը խոսում են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարներից շատ քչերին են ձեռնտու սպասվող ընտրությունները (այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ): Այս ընտրություններն ամենաքիչը ձեռնտու են «Լուսավոր Հայաստան»-ին, Վազգեն Մանուկյանին, արտերկրում ապաստանած նախկիններին, ՀՀԿ-ին և ճամբարափոխ եղած բոլոր քաղաքական առնետներին: «Լուսավոր Հայաստան»-ը կարող է կորցնել իր ներկայիս բացառիկ քաղաքական ազդեցությունը կամ դրա մի մասը: Վազգեն Մանուկյանը վերջնականապես կկորցնի «17»-ի ֆորմատը և կփակի իր քաղաքական կարիերայի վերջին էջը: ՀՀԿ-ն, նույնիսկ չմասնակցելով ընտրություններին, նորից ծանր պարտություն կկրի, քանի որ չի կարողանում հանդես գալ նոր առաջնորդով և նոր հայտով: Քրեական գործերի պատճառով արտերկիր փախածներն ու սեփական թիմերին դավաճանածներն էլ նվազագույնը 5 տարի դուրս կմնան քաղաքական խաղից:

Արտահերթ ընտրությունները հարաբերականորեն ձեռնտու են Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը և մի քանի այլ արտախորհրդարանական ուժերի: Վարչապետ Փաշինյանին, իհարկե, ձեռնտու է վերահաստատել իր լեգիտիմությունը, ինչպես նաև մաքրել սեփական թիմը բոլոր դավաճաններից ու թափթփուկներից, սակայն ընտրական ցանկացած գործընթաց մեծ ռիսկեր ու ցնցումներ է ենթադրում, ինչը ցանկալի չէ պետության և տնտեսության համար պատասխանատու ուժին: Ծառուկյանի համար այս ընտրությունները ևս մեկ շանս են ապացուցելու, որ ԲՀԿ-ն կենսունակ է բոլոր ժամանակներում, բայց որպես պրագմատիկ գործիչ՝ Ծառուկյանի համար սա ռեսուրսների ավելորդ վատնում է: Արամ Սարգսյանն այս ընտրություններով կարող է դառնալ խորհրդարանական ուժ և լրացնել կառուցողական ընդդիմության և քաղաքական բուֆերի թափուր տեղը: Բոլոր կենսունակ արտախորհրդարանական ուժերի համար այս ընտրությունները շանս են չկողմնորոշված մոտ 40 տոկոսանոց ընտրազանգվածից մաս պոկելու և քաղաքական վերելք գրանցելու համար, սակայն ձախողվելու դեպքում այդ ուժերը կարող են ընդհանրապես վերանալ կամ երկարատև մոռացության մատնվել:

Արտահերթ ընտրություններն ամենաշատը պետք են Ռոբերտ Քոչարյանին, «Դաշնակցության»-ը և Լևոն Տեր-Պետրոսյանին: Լևոն Տեր-Պետրոսյանի համար հոյակապ պահ է բոլորին հիշեցնել, որ ինքը 1998-ին ճիշտ էր, իսկ մյուսները՝ սխալ, ինչպես նաև դառնալ խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդը: Դաշնակցությունն էլ վերջապես շանս կստանա նորից հայտնվելու խորհրդարանում և սփյուռքի կառույցների մոտ արդարացնելու իր ֆինանսավորումն ու ընտրված ռադիկալ դիրքավորումը: Եվ վերջապես, Քոչարյանն այս ընտրություններով կկարողանա ավելի քաղաքականացնել իր դեմ եղած քրեական գործերը, իսկ ինչ-որ մի անհավանական միջամտության դեպքում կարող է և ամբողջությամբ խլել իշխանությունը: Իհարկե, Քոչարյանի համար այս ընտրությունները կդառնան վերջինն ու մի խայտառակ ֆիասկո, եթե նա մասնակցի ու «չկրի», քանի որ կվերանան նրա մասին շրջանառվող բոլոր միֆերը: Չնայած Քոչարյանի համար այս ընտրությունները շատ ռիսկային են, բայց նա պարզապես այլ տարբերակ չունի:

Սպասենք ու տեսնենք, թե որքանով են այս արտահերթ ընտրությունները ձեռնտու լինելու ժողովրդին»:

 

kotayk

Լրահոս