12 Սեպտեմբերի, 2018

Այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Բալայանի փոխանցմամբ, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում լինելու է։

«Այո՛, կա առաջարկություն, կա պայմանավորվածություն, որ հանդիպում տեղի է ունենալու, սակայն մենք նախընտրում ենք դրա մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ համաձայնեցված մեր Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, համաձայնեցված նաև ադրբեջանական կողմի հետ։ Գիտեք, այդ համաձայնեցվածին հետևելը նաև վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին՝ պայմանավորվածություններին։ Օրինակ, Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է՝ «այո՛, մեր հանդիպումը Նյու Յորքում է լինելու, Նյու Յորքում չի լինելու»։ Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ սահմանված ժամկետին պետք է սպասեք»,-ասաց Բալայանը։

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են այս տարվա հուլիսին Բրյուսելում։ Դա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո։

Օգոստոսի վերջին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերին Նյու Յորքում կհանդիպեն՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները:

Աղբյուրը՝ «Ազատություն»

 

kotayk

Լրահոս