13 Հուլիսի, 2021
Հուլիսի 12-ին Երեւան քաղաքի դատարան է ստացվել դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն տարածելու քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանին: Ըստ մեղադրական եզրակացության վերջինս 2020թ. ապրիլի 8-ին իր info.aylyntranq@gmail.com աշխատանքային հասցեին petros.petrosyan2bk.ru էլեկտրոնային հասցեից ստացել է Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ: Այդ նամակի մեջ նշված է եղել, որ Դանիբեկյանը ենթարկվել է քթի վիրահատության:

Ըստ մեղադրանքի՝ Մանթաշյանը օրենքով չնախատեսված կարգով, առանց Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» ասուլիսի ժամանակ հրապարակել է այդ տեղեկությունը՝ այն հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Նարեկ Մանթաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

kotayk

Լրահոս