16 Հուլիսի, 2021

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Կառավարության որոշմամբ հաստատվեցին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները։

Համայնքների և բնակավայրերի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող ընկերությունների ցանկն առավել լիարժեք դարձնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ցանկում փոփոխությունների իրականացման ընթացակարգը ճկուն դարձնելու և ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը բարձրացնելու նպատակով կառավարության 15.07.2021թ N1149-Ն որոշմամբ հաստատվեցին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները։

Համաձայն այդ չափորոշիչների բնապահպանական հարկի նպատակային օգտագործման գործընթացում պետք է ներառվեն նաև այն ընկերությունները, որոնց կողմից վճարվող բնապահպանական հարկի, մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի արտահոսքերի և ընդերքօգտագործման, արտադրության և սպառման թափոնների տեղադրման և պահման համար, հաշվարկված գումարներից առնվազն մեկի մասով տվյալ տարվան նախորդող երկու տարում հաշվարկված հարկի հանրագումարը պակաս չէ 2 000 000 դրամից։

Միաժամանակ, համաձայն վերոնշյալ օրենքի՝ ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններն արդեն իսկ հանդիսանում են աղտոտող ընկերություններ, և վերջիններիս կողմից հաշվարկված օրենքով նախատեսված բնապահպանական հարկի գումարները սահմանված կարգով ուղղվում են ազդակիր համայնքներին։ Նշեմ նաև, որ կառավարության 01.04.2021թ․N447-Ն որոշմամբ հաստատվել է նաև «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքների և (կամ) բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների և (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը։

Նշված որոշումների ընդունման արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը։ Կավելանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանա տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման գործընթացում»:

 

 

kotayk

Լրահոս