8 Հունվարի, 2018
 Լուսանկարում՝ Մհեր Զիրոյանը

Հունվարի 6-ին մահացած պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանին կհուղարկավորեն այսօր՝ Մարալիկում: Վանիկը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից էր, սակայն ընտանիքով մշտապես բնակվել են Գյումրիում:

Armtimes.com-ի հետ զրույցում մահացած զինվորի հորեղբորորդին՝ Արթուր Զիրոյանը, պատմեց, որ հունվարի 6-ին Մհերն իր Հադրութի բնակարանում ծառայակից ընկերների հետ նշել է Սուրբ Ծնունդը: Խնջույքից հետո որոշել են ցնցուղ ընդունել: Լոգարանից սկզբում օգտվել են ընկերներից մեկ-երկուսը, այնուհետեւ Մհերն է մտել լոգարան:

«20-25 րոպե անցել է, որ դուրս չի եկել Մհերը, տղաներն իրենց ասելով՝ անհանգստացել են, մի քանի անգամ ձայն են տվել Մհերին, հետո թակել են դուռը: Որ տեսել են չի բացում, դուռը կոտրել են, մտել են ներս, տեսել են՝ էլ չկա: Որ Մհերին ըդպես տեսել են, շտապօգնություն են կանչել, տարել Հադրութի հիվանդանոց, բայց ուշ է եղել, էլի, մահացած է եղել Մհերը: Տղեքն ըսել են, թե քիչ ժամանակ է մնացել ինքը բաղնիքում, բժիշկներն էլ բացատրել են, որ 5 րոպեն էլ է հերիք, որ շմոլից խեղդվի մարդը»,- պատմեց Արթուր Զիրոյանը:

Ըստ Արթուր Զիրոյանի, Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքի հետ կապված իրենք ունեն դատաբժշկի հստակ եզրակացությունը՝ շմոլ գազից թունավորում: Տղային կհուղարկավորեն այսօր, ծննդավայրում՝ մոր կողքին: Մհերն ընտանիքի փոքր զավակն էր: Քույրը զոհվել էր 88-ի աղետի ժամանակ, մայրը 7 տարի առաջ էր մահացել: Իրենից մեծ նաեւ քույր եւ մեկ եղբայր ունի:

kotayk

Լրահոս