Հիշեցնենք՝ հուլիսի 2-ի դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ոչ բոլոր բողոքներն էին հասել դատարան:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։
«Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները։ Դատարանի կողմից բավականին խորը հարցեր կային երկու կողմերին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը, ժամը դեռ հստակ չի»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։
Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։
Մյուս բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այւ մասին հայտնում է NEWS.am-ը: