17 Օգոստոսի, 2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։ Կալանքը վերացնելու միջնորդությունը ներկայացրեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ այն որևէ կերպ չի կարող նպաստել սույն գործի քննությանը։ Խուդոյանի միջնորդությանը միացավ պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով արձանագրվել է, որ ՍԵդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքով խախտվել են նրա իրավունքները։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ պնդելով, որ գույքի վրա դրված արգելանքը պետք է պահպանել։ Լսելով կողմերին՝ դատավորն արձանագրեց, որ դատարանն արդեն մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը, անհրաժեշտ չափով արգելանքը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա պահպանվում է, հետևաբար անհրաժեշտություն չկա պահպանել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։ Դատարանը որոշեց վերացնել նախաքննական մարմնի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա արգելանք դնելու մասին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի վերացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Ըստ դատական ակտի՝ կալանքը շարունակում է գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։ Այդ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում էր անկախ տնօրենի պաշտոնը։

 

 

kotayk

Լրահոս