4 Սեպտեմբերի, 2020

Օգոստոսի 26-ին Դավիթաշեն թաղամասի դեղատներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, թիկունքից հրել-գցել էր աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել էր:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր: Ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցել տուժողի հետ:

Հանցագործը եղել էր մարզագլխարկով ու դիմակով: Դեմքը տեսնել չէր հաջողվել:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները:

Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Սիսիան քաղաքի 30-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Անդրանիկի փողոցում հայտնաբերել են կասկածվողին և բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունը հայտնում է, որ բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

kotayk

Լրահոս