13 Հունիսի, 2020
 Մեծ ապատեղեկատվություն կա սկսած իշխանության ամենավերին օղակներից։ Այս մասին՝ հունիսի 12-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի այն հարցին, որ քաղաքացիների՝ այս շրջանում շատերի գործողությունները հստակ նպատակադրված են պետական համակարգի թուլացմանը եւ առանձին պետական մարմինների եւ գերատեսչությունների գործունեության քայքայմանը։

«Խոսքը ոչ միայն ապատեղեկատվության մասին է, այլ նպատակադրված գործողությունների մասին։ Վերը նշվածը պարունակում է ՔՕ 304-րդ հոդվածի հատկանիշները, որը պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։ Արդյոք իրավապահները այս առումով գործողություններ իրականացնո՞ւմ են կամ իրականացնե՞լու են»,- ասաց պատգամավոր Բաղդասարյանը։

«Այո, մեծ ապատեղեկատվություն կա սկսած իշխանության ամենավերին օղակներից։ Դրա նպատակը վստահության ճգնաժամ ստեղծելն է։ Պատկերացնում եք՝ հիմա ընտանիքիս մասին գում են, որ Կանադայում վիլլա ենք առել, զբաղվում ենք մաքսանենգությամբ։ Մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, ես չեմ կարծում, որ մենք պիտի գնանք արհեստական փոփոխությունների։ Այս երեւույթները կախված են մի քանի քրեական գործերի հետ՝ ձեզ հայտնի եւ ոչ անհայտ։ Եթե մենք հետեւողական լինենք այդ գործերը մինչեւ վերջ տանելուն։ Նաեւ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն եւ փլուզվելու են։ Չնայած ձեր հարցադրումը նորից պետք է դիտարկվի։ Եթե հիմա մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է։ Այդպիսի բան չի կարող լինել՝ մի պարզ պատճառով, ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ, եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ապա ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում՝ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել»,- ասաց Փաշինյանը։

kotayk

Լրահոս