14 Օգոստոսի, 2018

Գրեթե երկու ամիս է Արմավիրի Եղեգնուտ գյուղն «անհանգիստ է»: Տեղացիներն ընդվզել են։ Պահանջում 32 տարվա գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։ «Ռազմիկ, հեռացի՛ր». այսպես էին վանկարկում գյուղի ակտիվիստները:

«Այս տարիների ընթացքում ոչ մի լավ բան չենք տեսել այդ մարդուց։ Մենք չենք ընտրել նրան։ Ամեն անգամ ինքն իր կոռումպացված միջոցներով, վախի մթնոլորտ ստեղծելով, հաղթել է։ Գյուղի ժողովրդին բաժանել է երկու մասի։ Եղբայրը եղբոր հետ չի խոսում։ Թշնամություն է սերմանել  անգամ մանկապարտեզի երեխաների մեջ»,-այսպես էին նկարագում Մարգարյանին տեղացիները:

Ռազմիկ Մարգարյանը բավական երկար դիմացավ ճնշումներին, սակայն, ի վերջո, տեղի տվեց: Նրա հրաժարականն արդեն կա, սակայն դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Բայց, պարզվում է, որ  «աթոռից հրաժարվելով» հարցը չի փակվում: Ռազմիկ Մարգարյանն  իր պաշտոնավարման ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, կազմվել է արձանագրություն:

Vnews.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հաստատեց վերը նշվածը։ Նշեց, որ խնդիրը, հետայսու, իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում է:

«Շարժվելու ենք միայն օրենքի սահմանում: Աշխատանքային խումբն իրականացրել է  իր գործառույթը։ Արձանագրությունն ուղարկվել է նաև համայնք: Մեկ օրվա ընթացքում կհրավիրվի ավագանու նիստ:

Համայնքապետը նաև դիմում ունի գրած՝ աշխատանքից ազատման: Նախկինում էր գրել, սակայն ավագանին խնդրել էր, որպեսզի արձակուրդից հետո այդ հարցով զբաղվի: Արձակուրդն ավարտվել է օգոստոսին։ Համպատասխան օրենքից բխող կարգով կարձանագրվի համայնքապետի հրաժարականը: Մնացածն ուղարկվել է իրավապահ մարմիներին և համապատասխան գերատեսչություններին, որպեսզի իրավակական, ֆինանասական և տեխնիկական գնահատական տան»,-նշեց մարզպետը:

Մարզպետը խուսափեց իր անձնական գնահատկանը տալ Ռազմիկ Մարգարյանի վերաբերյալ՝ համարելով, որ այն սուբկետիվ կլինի, իսկ հարցին, թե այս ընթացքում հանդիպել է համայանքապետի հետ, բացասական պատասխան տվեց:

«Այս ընթացքում չենք հանդիպել, և դրա կարիքն էլ չեմ տեսնում»,-ամփոփեց մարզպետը:

kotayk

Լրահոս